Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը հակադարձում է Լևոն Տեր-Պետրոսյանին


Armenia - Defense Minister Seyran Ohanian (R) and chief of the Armenian army staff, General Yuri Khachaturov, at a meeting in Yerevan, 28May2015.
Armenia - Defense Minister Seyran Ohanian (R) and chief of the Armenian army staff, General Yuri Khachaturov, at a meeting in Yerevan, 28May2015.

Ակտիվ քաղաքականություն վերադառնալու և առաջիկա ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարած Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը:

«Արցախի հարցը ոչ թե խոչընդոտ է զարգացող ու անվտանգ հայոց պետականություն ունենալու ճանապարհին, այլ ճիշտ հակառակը։ Տեսակետը, թե Հայաստանը չի կարող զարգանալ առանց Ղարաբաղյան խնդրի շուտափույթ լուծման, ֆունդամենտալ սխալ է կամ անկեղծ մոլորության հետևանք։ Այն ոչ միայն հեռու է իրականությունից (մենք չկարգավորված հակամարտության պայմաններում երկար տարիներ ունեցել ենք երկնիշ տնտեսական աճ, ինչպես նաև արձանագրել ենք ներգաղթ), այլև ուղղակի թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում», - գրել է Օհանյանը:

Պաշտպանության նախկին նախարարը նաև կարծիք է հայտնել, որ Ղարաբաղի հարցում հայկական կողմի միակողմանի զիջումները Հայաստանի համար անբարենպաստ պայմաններ կստեղծեն․ - «Միակողմանի զիջումները կամ հապճեպ ու չհիմնավորված «փոխզիջումները» ոչ թե խաղաղություն կապահովեն, այլ կմեծացնեն պատերազմի վերսկսման հավանականությունը, և այդ դեպքում մենք ռազմական առումով անբարենպաստ մեկնակետ կունենանք»:

Տեսակետը, թե առանց Ղարաբաղի խնդրի շուտափույթ լուծման, Հայաստանը և Ղարաբաղը չեն կարող զարգանալ, և որմի մասը զիջելու դեպքում հնարավոր է գոնե մյուս մասը պահել, հակառակ դեպքում ամեն ինչ կորցնելու վտանգը կա, երկու շաբաթ առաջ բարձրաձայնել էր նորանկախ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այսօր արձագանքելով Առաջին նախագահի տեսակետներին փաստերոն հակադարձող Սեյրան Օհանյանի գրառմանը՝ Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը հակադարձեց․ - «Քանի որ Սեյրան Օհանյանը համարում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը ոչ միայն խոչընդոտ չէ Հայաստանի զարգացման համար, այլ, ըստ էության, մի բարեբախտություն, որ ընկել է հայ ազգի գլխին, ապա նրա ասածներն այնքան անլուրջ են և իրականության հետ կապ չունեցող, որ մենք դրանք հարկ չենք համարում մեկնաբանել: Եթե Սեյրան Օհանյանը ընտրապայքարի մեջ է մտնում «ամենափրկչական» այս պլատֆորմով, ապա այսօրվանից նրա քաղաքական կարիերան կարելի է ավարտված համարել»:

Բանակցությունների և փոխհամաձայնության միջոցով հարցի լուծմանը Սեյրան Օհանյանը, այնուամենայնիվ, հավատում է, սակայն՝ այն դեպքում, եթե Ադրբեջանը հրաժարվի իր ագրեսիվ քաղաքականությունից: Նախկին նախարարը այնուհետև շեշտում է, որ Հայաստանի և Ղարաբաղի անվտանգության մակարդակն էականորեն բարձրացնելու և բանակցային գործընթացում ուժեղի դիրքերից հանդես գալու համար անհրաժեշտ է ստեղծել զարգացող և մրցունակ տնտեսական համակարգ․ - «Մեր երկիրը պետք է դուրս գա տնտեսական հարաբերությունների այսօրվա թակարդից և ունենա կայուն զարգացում: Երկրում պետք է հաստատվի հանդուրժողականություն և արդար մրցակցության մթնոլորտ, իրական առաջընթաց կյանքի բոլոր ոլորտներում: Պետք է լինի իրական քվեով ձևավորված հանրային լայն վստահություն ունեցող իշխանություն»:

Արձագանքելով Պաշտպանության նախկին նախարարի այս գրառմանը՝ Հանրապետական կուսակցության ղեկավար ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանն ասաց․ - «Պարոն Օհանյանը որևէ այլ միտք չի ասել, քան թե դրա մասին խոսել են բոլորը՝ այդ թվում նաև մենք: Մրցակցային, արդար սկզբունքներով ձևավորվի իշխանություն, տնտեսական փակուղային իրավիճակից դուրս գանք․ երևի նկատի ունի Թուրքիայի հետ սահմանը կամ շրջափակումը, որի մեջ մենք գտնվում ենք ՝անկախ Թուրքիայից: Կարծում եմ, բոլոր մտքերն էլ մեր համար ընդունելի են, ընկալելի են: Ընդամենը մենք բոլորս պետք է հասկանանք, որ ժողովրդի, հանրության, քաղաքացու, յուրաքանչյուրի հետ անհատական աշխատանք է պետք, ինչ էլ այսօր մենք անում ենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG