Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյան․ «ԼՂ հարցի լուծման այլ տարբերակ, քան փուլայինն է, գոյություն չունի»


Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում «Հայ Ազգային Կոնգրես»-ի 2-րդ համագումարում, Երևան, 17-ը դեկտեմբերի, 2016 թ․

Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում «Հայ Ազգային Կոնգրես»-ի 2-րդ համագումարում, Երևան, 17-ը դեկտեմբերի, 2016 թ․

ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Հայ ազգային կոնգրես»-ի այսօրվա համագումարում ունեցած ելույթն ամբողջությամբ նվիրված էր ղարաբաղյան հակամարտությանը:

Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային սեղանին դրված է տարածքների դիմաց Ղարաբաղին կարգավիճակ տալու տարբերակը: Այսօր ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես»-ի համագումարում այս մասին հայտարարեց կուսակցության առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով, հիշեցնենք, ապրիլյան ռազմական գործողություններից հետո առանձնազրույց էր ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

«Իսկ Ղարաբաղի հարցի լուծման այլ տարբերակ, քան փուլայինը, գոյություն չունի։ 18 տարի առաջ ասում էիք՝ կա, հիմա ցույց տվեք: Գոյություն չունի: Այն, ինչ-որ դրված է հիմա սեղանին, նույն փուլային տարբերակն է: Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության, դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 1997 թվականին:

Այն է՝ որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցը ապագային թողնելու տարբերակը՝ երաշխավորված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ։ Սա է, ուրիշ բան չկա: Ոչ մի հեքիաթի չհավատաք: Վաղը կբերեն, կտեսնեք: Ես նույնիսկ հիմքեր ունեմ կասկածելու, որ 1997 թվականից ցածր կարգավիճակ ունի այսօրվա լուծումը»,- հայտարարեց Տեր-Պետրոսյանը:

Ավելին՝ առաջին նախագահն ընդգծեց, թե այս պահը բաց թողնելու դեպքում հաջորդ տարբերակը Հայաստանի համար ավելի վատն է լինելու: «Այլ լուծում, քան այն, ինչ դրված է բանակցությունների սեղանին, գոյություն չունի»,- հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը՝ խորհրդարանական ընտրություններից ամիսներ առաջ հրավիրված այս համագումարում կենտրոնանալով բացառապես ղարաբաղյան խնդրի վրա:

«Զիջում ես մասը, մյուս մասը կարողանում ես պահպանել: Ոչինչ չես զիջում, կորցնում ես ամեն ինչ: Մասը պահողները, փրկողները, հռչակվում են դավաճաններ: Ամեն ինչ կորցնողները կոչվում են հայրենասերներ։ Ինչո՞ւ ենք, ուրեմն, մեր անցավ գլուխը փորձանքի տակ դնում։ Որովհետև, դժբախտաբար, Հայաստանում ճշմարտության երեսին ուղիղ նայող ուրիշ ուժ չկա։ Եթե մենք էլ մյուս «քաջերի», իրականում, ինչ ասեմ՝ ստոր վախկոտների պես լռենք, ողջախոհության ճրագը մեր երկրում վերջնականապես կմարի։ Ուստի, անկախ այն բանից, թե մեզ ինչ պիտակներ կփակցնեն, ես Կոնգրեսին առաջարկում եմ խիզախաբար, առանց աջուձախ նայելու, ընտրությունների գնալ «Խաղաղություն, Հաշտություն, Բարիդրացիություն» նշանաբանով»,- ասաց առաջին նախագահը:

«Հայ ազգային կոնգրես»-ի առաջնորդը պատրաստակամություն հայտնեց այս նշանաբանի ներքո այլ կուսակցությունների հետ դաշինքով մասնակցել առաջիկա ընտրություններին՝ չակերտներ չբացելով՝ արդյո՞ք որևէ ուժի հետ կա թեկուզ նախնական համաձայնություն: Անհրաժեշտ համարելով խրախուսել Սերժ Սարգսյանին՝ կատարելու Ղարաբաղյան «կարգավորման վճռական քայլը», Լևոն Տեր-Պետրոսյանը, միաժամանակ, բացառեց քաղաքական համագործակցությունը Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ի հետ:

«Արտաքին սպառնալիքների դիմակայման և ներքին կայունության ապահովման հարցերում իշխանություններին զորավիգ կանգնելու մեր սկզբունքային դիրքորոշումն ամենևին վարչախմբի հետ համագործակցություն չի նշանակում։ Մենք եղել ենք վերջինիս ամենախիստ, սկզբունքային ու հետևողական քննադատն ու այսուհետև էլ չենք դադարելու այդպիսին լինել, կտրականապես բացառելով մաս կազմել հայ ժողովրդի գլխին անհամար աղետներ բերած Հանրապետական կուսակցության ձևավորած որևէ կոալիցիայի»,- իր ելույթում ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:

Լևոն Տեր-Պետրոսյանը սուր քննադատության ենթարկեց նոր կառավարության ծրագրում տեղ գտած «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը՝ այն որակելով ձախորդ, չմտածված ու վտանգավոր ծրագիր, որի միակ արդյունքը լինելու է արտագաղթի խթանումը: Առաջին նախագահի խոսքով, «Ազգ-բանակ»-ը ստատուս-քվոյի պահպանման նույն ռազմավարությունն է՝ այլ փաթեթավորմամբ:

«Այսինքն, մեր իշխանությանը հոգեհարազատ մարկետինգի տրամաբանությամբ՝ իր սնանկությունն ապացուցած, բարոյապես մաշված և սպառողին ձանձրացրած բրենդը փոխարինվել է մի այլ, ավելի գրավիչ ու բարեհունչ բրենդով։ Այլ կերպ ասած, դաս չքաղելով անցած 18 տարիների դառը փորձից, վարչախումբը որոշել է շարունակել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հավերժ առճակատման տխրահռչակ քաղաքականությունը»,- ասաց Տեր-Պետրոսյանը, շարունակելով՝ «Այնպես որ, եթե անհրաժեշտություն կա՝ անպայման օրինակ վերցնելու Իսրայելից, ապա պետք է վերցնել ոչ թե «Ազգ-բանակ»-ի, այլ «Խաղաղություն այժմ (Peace now)» շարժման օրինակը։ Խաղաղություն՝ հենց հիմա»:

Ի դեպ, ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում Լևոն Տեր-Պետրոսյանն առանձնացրեց Ռուսաստանի գործադրած «լուրջ ջանքերը»: «Մի առիթով ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում, սա մարդկանց համակրությունների կամ հակակրանքների հետ որևէ կապ ունեցող բան չէ, սա իրականություն է: Եվ Ռուսաստանի վերջին շրջանի այդ ջանքերը, արդ, գալիս են ապացուցելու տվյալ պնդման ճշմարտացիությունը։ Ընդ որում, Արևմուտքը ևս, որի առաջնահերթությունների շարքում, ինչպես նշվեց, ղարաբաղյան կարգավորումը տեղ չի գրավում, վստահաբար, ոչ միայն գիտակցում, այլև գնահատում է Ռուսաստանի առանձնահատուկ դերակատարությունն այդ հարցում»,- հայտարարեց ՀԱԿ առաջնորդը:

Ի դեպ, Տեր-Պետրոսյանը «դառը» որակեց իր ելույթը, բայց ասաց՝ վհատեցնելու նպատակ չունի: Ընդհակառակը՝ ելույթի նպատակը «ազգին ներկայիս հեղձուկ իրավիճակից հուսադրիչ ու արժանապատիվ ելք ցույց տալն է», «ազգ, որի ուրախության ու հպարտության միակ առարկան այսօր Հենրիկ Մխիթարյանն է»:

XS
SM
MD
LG