Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետարանի բոլոր ստորաբաժանումները տոներին օպերատիվ հերթապահություն կսահմանեն


Տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի բոլոր վարչություններին, քաղաքապետարանի ենթակայության առանձնացված բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է տոնական օրերին սահմանել շուրջօրյա օպերատիվ հերթապահություն:

Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, կենսաապահովման ծառայությունների անխափան աշխատանքն ապահովելու նպատակով քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է սահմանել շուրջօրյա հերթապահություն և, համագործակցելով «Երևան Ջուր», «Երևան Գազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների պատասխանատուների հետ, հնարավոր վթարների մասին ահազանգերի դեպքում արագորեն արձագանքել և կարգավորել առաջացած խնդիրը:

Բացի այդ, հանձնարարվել է ապահովել նաև մայրաքաղաքի արտաքին լուսավորության անխափան աշխատանքը:

Առողջապահական և շտապբուժօգնության ծառայությունների պատասխանատուներին ևս Տարոն Մարգարյանը հանձնարարել է ապահովել օպերատիվ հերթապահություն և ուժեղացնել հսկողությունը քաղաքապետարանի ենթակայության բոլոր բուժհաստատություններում:

Հաշվի առնելով տոնական օրերին քաղաքացիների ակտիվ տեղաշարժը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել տրանսպորտի աշխատանքի պատշաճ կազմակերպումն ու ապահովումը:

Հանձնարարվել է նաև տոնական օրերին աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքների պատշաճ կազմակերպումը ևս պահել մշտական հսկողության ներքո:

Հանձնարարվել է հերթապահություն սահմանել նաև կրթամշակութային և մարզական հաստատություններում՝ ջրամատակարարման, էլեկտրամատակարարման և ջեռուցման համակարգերի անխափան աշխատանքի ապահովման նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG