Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ուսումնասիրել է «Փոքր Մհեր» կրթահամալիրում արձանագրված խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները:
Գխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրությունների շրջանակներում գրություններ են ուղարկվել Կրթության և գիտության նախարարություն ու Մարդու իրավունքների պաշտպանին, պահանջվել համապատասխան փաստաթղթեր և տեղեկատվություն:
«Ուսումնասիրության արդյունքները Կոտայքի մարզի դատախազության կողմից ուղարկվել են ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ [հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը] և 181-րդ [հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումները] հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար», - ասված է հաղորդագրությունում։
Մոտ մեկ ամիս առաջ, հիշեցնենք, «Փոքր Մհեր» կրթահամալիրի աշակերտները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով նորանշանակ տնօրեն Վահագն Յաղմուրյանի հրաժարականը։ Աշակերտները պատմում էին, որ մեկ ամիս առաջ նշանակված տնօրենն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում, վիրավորում ու փորձում է վախեցնել իրենց։
ՄԻՊ ներկայացուցիչներն անհապաղ այց էին կատարել կրթահամալիր։ Այցից հետո օմբուդսմեն Արման Թաթոյանը հայտարարել էր, որ այնտեղ իսկապես մտահոգիչ խնդիրներ կան։