Մատչելիության հղումներ

logo-print

«Փոքր Մհեր» կրթահամալիրի աշակերտները պահանջում են նորանշանակ տնօրենի հրաժարականը


Կրթահամալիրի տնօրեն Վահագն Յաղմուրյանը:

Կրթահամալիրի տնօրեն Վահագն Յաղմուրյանը:

Ուսումնական երկուշաբթին «Փոքր Մհեր» կրթահամալիրում սկսվեց բողոքի ակցիայով։ 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտները պահանջում են տնօրեն Վահագն Յաղմուրյանի հրաժարականը։

Աշակերտներն «Ազատությանը» պատմեցին, որ մեկ ամիս առաջ նշանակված տնօրենն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում, վիրավորում ու փորձում է վախեցնել իրենց։ Մինչդեռ անձամբ Յաղմուրյանն նշում է, որ առաջին անգամ այսօր է իմացել, որ կրթահամալիրի աշակերտները դժգոհ են իրենից։

Պատանիները պատմում են, որ տնօրենն իրենց սպառնում է՝ ասելով, թե տուն գնալ չի թողնի և որ նման ագրեսիվ վարքով աչքի է ընկել առաջին իսկ օրվանից։ Ռազմական կրթահամալիրի սաները շտապեցին վստահեցնել, որ իրենց բողոքը ենթատեքստ չունի, համախմբվել են ինքնուրույն, առանց որևիցե մեկի թելադրանքի։

Յաղմուրյանն իր աշխատասենյակում մի քանի աշխատակիցների հետ քննարկում էր ստեղծված իրավիճակը։ Թե ինչ է եղել, կամ ինչու են դժգոհ կրթահամալիրի սաները իր աշխատանքից, նորանշանակ ղեկավարը չգիտի։

Յաղմուրյանը պնդում է, որ աշակերտներին չի վիրավորել, իսկ խստությունը դրսևորվել է սահմանված կարգ ու կանոնի շրջանակում։ Պահանջել է միայն այն, ինչ մտնում է աշակերտների պարտականությունների մեջ՝ լավ սովորել, դասերից չուշանալ և հարգալից վերաբերմունք դրսևորել իրար նկատմամբ։

Տնօրենը վստահեցրեց, որ ինքը որևէ նորամուծություն չի մտցրել:

«Համազգեստը կրելու ցանկություն չունեն․․․ Ուղղակի համազգեստը կարող ա շպտեն մի տեղ, գնան: Եթե դրա համար իրան կանչես, ասես՝ դու պատասխանատվություն ես կրում, ինչո՞ւ ես շպրտել, դա կոպի՞տ ա», - ասաց նա։

«Չի եղել տնեց բան: Մենք միշտ մեր համազգեստը բարձր ենք պահում ամեն ինչից», - ասաց աշակերտներից մեկը և շարունակեց․ - «Եթե ինքը սովոր ա զինվորական շատ խիստ կանոնադրությանը, մենք սովոր չենք: Կարող էդ ա մեր թերությունը․․․ Մենք միշտ էլ կանոնադրությամբ սովորել ենք, բայց նենց չի եղել, ոնց որ հիմա: Ամեն թեթև բանից սենց բաներ չի եղել, որ տնից զրկի»:

Աշակերտներ - տնօրեն առճակատումը պարզաբանելու համար կրթահամալիր էին եկել նաև տղաների ծնողները։ Ի դեպ, նրանք էլ էին զարմացած, որ սաները դժգոհ են իրենց ղեկավարից։ Նոր տնօրենից դժգոհություններ չունի նաև սպայական անձնակազմը։ Թեև սաները պնդում էին, որ Յաղմուրյանը վիրավորել է նաև նրանց։

Մեր նկարահանման պահին դպրոցում էին Կրթության նախարարության ներկայացուցիչները։ Մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության նախնական զինվորական պատրաստության պատասխանատու Արթուր Կարապետյանը փոխանցեց, որ վաղ առավոտից նախ առանձին հանդիպել էին սաների հետ, լսել դժգոհությունները և որոշել են մի քանի օր շարունակ հետևել դասապրոցեսին։

Պաշտոնյան շեշտեց՝ առաջին անգամ է, որ «Փոքր Մհերում» դժգոհում են տնօրենից․ - «Հիմա մենք աշխատենք նաև տնօրինության հետ, հասկանանք, թե տնօրինությունը ինչ հրահանգավորումներ է կատարել, որից դժգոհ են աշակերտները: Եթե տնօրինությունը փորձել է կանոնադրությունից կամ կանոնակարգից դուրս ինչ-որ հրահանգավորումներ անի, միանշանակ համապատասխան գործընթաց կսկսվի»:

Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ իրենք դեռ տնօրենի հետ առանձին զրուցելու առիթ չեն ունեցել։ Բայց առաջիկա օրերին կփորձեն պարզել, թե արդյոք տնօրենն իսկապես վիրավորել է աշակերտներին։ Թե ինչպես են դա անելու, Արթուր Կարապետյանը, չնշեց, բայց վստահեցրեց՝ ձևերը գիտեն։ Նա չբացառեց նաև, որ նոր տնօրենը հրաժեշտ տա պաշտոնին՝ եթե պարզվի, որ տղաների ասածը համապատասխանում է իրականությանը։

XS
SM
MD
LG