Մատչելիության հղումներ

Կառավարությունը այսօր խորհրդարան բերած 3 նոր վարկային համաձայնագրերով պատրաստվում է Հայաստանի արտաքին պարտքը ևս 180 միլիոն դոլարով ավելացնել։

Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը հայտարարեց, որ թեև այս վարկերի հաստատումից հետո պետական պարտքը մոտենալու է 6 միլիարդ դոլարի շեմին, բայց Հայաստանը «նվազ պարտքային երկիր է»:

«Տարվա վերջին մեր ընդհանուր պարտքը մոտավորապես լինելու է 5.9 միլիարդ, որից 500-ը Կենտրոնական բանկինն է, մեկ միլիարդը Կառավարության ներքին պարտքն ա», - մանրամասնեց Հայրապետյանը:

Ֆինանսների նախարարությունից փոխանցեցին, որ այս վարկերի հաստատման արդյունքում Հայաստանի պետական պարտքը կկազմի 5 միլիարդ 905 միլիոն դոլար, որում արտաքին պարտքը կլինի 4 միլիարդ 847 միլիոն դոլար։

Նոր վարկային համաձայնագրերը ընդդիմադիրների զայրույթն էին առաջացրել: Նրանք հայտարարում էին՝ երկիրը դեֆոլտի եզրին է, անդունդն ենք գնում։

«Պարտքը փակելու ճանապարհ չունեք, ուղղակի չունեք», - ասաց Արամ Մանուկյանը (ՀԱԿ):

Ամբողջ քննարկման ընթացքում ընդամենը մեկ իշխանական պատգամավոր խոսեց՝ հանրապետական Սուքիաս Ավետիսյանը: Նա կրկնեց Ֆինանսների փոխնախարարի խոսքերը՝ այս գումարով երկրի ֆինանսական կայունությունն են ապահովելու․ - «Ստանանք այդ վարկային գումարները, որպեսզի մենք կարողանանք հաջորդ տարվա բյուջեում ևս ապահովագրենք այդ գումարները»:

Ընդդիմադիր պատգամավորները եզրակացրեցին, որ կառավարությունը պարզապես գումար չունի, և տարբեր ծրագրերի համար վերցվող գումարը իրականում աշխատավարձերի, թոշակների վճարման համար է։

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարց բարձրացրեց, ինչու կառավարությունը տնտեսական քաղաքականությունը չի փոխում․ - «Լավ, որ մենք հատենք ռիսկային այդ սահմանը, երկիրը այլևս դառնա ոչ-վարկունակ, ի՞նչ ենք անելու»:

Փոխնախարարի արձագանքը․ - «Խնդիրը, որ ասում ենք՝ սրընթաց բարձրացել է պետական պարտքի մակարդակը, այո՛, բարձրացել է: Եվ դա ինքնանպատակ չի բարձրացել: Հավատացեք մեզ, մեզնից յուրաքանչյուրը՝ և՛ որպես Կառավարության անդամ, և՛ որպես քաղաքացի, մտահոգված է այդ պարտքը բարձրացնելով»:

ՀԱԿ խմբակցության ղեկաար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենց հաշվարկներով, այս տարի տնտեսական աճ գրեթե չկա, իսկ այս պայմաններում վարկային փաստաթուղթ բերող Կառավարությունը պարզապես ապագայի ռազմավարություն չունի և լուծում է օրվա խնդիրները․ - «Սա ի՞նչ է նշանակում: Մենք հասկանո՞ւմ ենք ուր ենք շարժվում: Այս Կառավարությունը ունի պատկերացում ի՞նչ է անելու»:

Հեղինե Բիշարյանի («Օրինաց երկիր») հարցին, թե ինչպես է կառավարությունը դեֆոլտից խուսափելու, Ֆինանսների փոխնախարարը հակադարձեց, թե դեֆոլտի խնդիր չկա։

«Բերում ենք դեֆիցիտը լրացնելու համար, է հետո՞: Էդ դեֆիցիտի ի՞նչ կա՝ ո՛չ աշխատավարձ կա, ո՛չ թոշակ կա, ո՛չ մի ավելացում չկա: Ընդամենը կրճատման արդյունքում յոլա տանելու խնդիր ենք դրել», - նշեց Բիշարյանը:

Քննարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանը պահանջում էր, որ փոխնախարարը հայտարարի, թե ինչքան է բյուջեի պակասուրդը: Նրա պահանջին միացավ նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ինչից հետո կառավարության ներկայացուցիչը հայտարարեց, որ դեֆիցիտը մոտ 60 միլիարդ դրամ է կազմում։

«Արդեն երկու տարի է թերակատարվում է բյուջեն», - հայտարարեց Փաշինյանը և ասաց, որ ինքը հասկանում է՝ առանց այս գումարի Կառավարությունը չի կարող փակել տարին․ - «Ճիշտն ասած՝ մինչև հիմա լսել էինք, որ Հայաստանի Հանրապետությունում, ցավոք սրտի, դժբախտաբար, կան մարդիկ, որ պարտքով Նոր տարի են անում: Բայց որ 2017 թվականի շեմին ամբողջ Հայաստանի Հանրապետություն պետությունը պետք է պարտքով Նոր տարի անի, դա մի քիչ դժվարկանխատեսելի էր»:

Ֆինանսների փոխնախարարը հակադարձեց, որ իրենք «թափանցիկ հարկային քաղաքականություն են վարում», վարկ վերցնելիս զգուշություն են ցուցաբերում, կրճատել են դեֆիցիտը, իսկ ներդրումների համար նպաստավոր միջավայր են ստեղծում։

Կառավարության ներկայացուցիչը տնտեսական աճի մասին խոսելիս նաև հաջողությունից էր խոսում: Սա զայրացրեց Նաիրա Զոհրաբյանին․ նա մոտեցավ ամբիոնին և բախտ նայողի հասցե ասեց․ - «Երրորդ մաս, Հռիփսիկ ծյոծյա: Լավ մոմ ա թափում: Գնացեք Կառավարությամբ, թող մոմ թափի, բախտ բացի, բախտ նայի՝ կլինի՞ տնտեսական հաջողություն, կունենա՞նք տնտեսական աճ: Սա է միակ ճանապարհը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG