Մատչելիության հղումներ

Հասան Ռոհանի․ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի


Իրանի նախագահ Հասան Ռոհանի և Հայաստանի նախագահ Սերժ Սագսյան, Երևան, 21-ը դեկտեմբերի, 2016 թ․

Սերժ Սարգսյանն իր հերթին ընդգծեց՝ հայկական կողմը ողջունում է Ղարաբաղի հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը:

Ղարաբաղյան խնդիր

«Ղարաբաղյան խնդիրը չունի ռազմական լուծում»: Այսօր այս մասին Երևանում հայտարարեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպումից անմիջապես հետո: 2013 թվականին Իրանի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո սա Հասան Ռոհանիի առաջին այցն է Հայաստան:

«Ադրբեջանը և Հայաստանը մեր գործընկերներն են, և մենք հուսով ենք, որ բանակցությունների ու քաղաքականության միջոցով Ղարաբաղի հարցում հնարավոր կլինի հասնել տևական խաղաղության: Նման խաղաղությունը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից: Անկասկած, խաղաղության հասնելու համար գոյություն չունի ռազմական ճանապարհ: Եվ հուսով ենք, որ խնդիրը կլուծվի միջազգային օրենքների շրջանակներում՝ խաղաղ բանակցությունների միջոցով»,- Հայաստանի նախագահի նստվայրում հայտարարեց Հասան Ռոհանին:

Սերժ Սարգսյանն իր հերթինց ընդգծեց, թե ողջունում են Ղարաբաղի հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը: «Այս անգամ ևս ներկայացրի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման գործընթացում առաջընթացի ապահովմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների վերացմանն ուղղված՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված համաձայնությունները:

Մենք շատ բարձր ենք գնահատում միջազգային իրավունքի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի հավասարակշռված դիրքորոշումը: Մենք վերահաստատեցինք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը չի կարող ունենալ ռազմական լուծում և շեշտեցինք տարածաշրջանում իրավիճակի լարվածության և անկայունության տարածմանն ուղղված ցանկացած քայլի անթույլատրելիությունը»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Համագործակցություն տարածաշրջանային հարցերում

Սարգսյան-Ռոհանի հանդիպման ընթացքում Ղարաբաղյան խնդրից բացի քննարկվել են նաև տարածշրջանային հարցեր, այդ թվում՝ Սիրիայի հակամարտությունը: Իրանի նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանի կայունությունը երկու երկրների համար խիստ կարևոր է: Այդ համատեքստում քննարկվել են նաև ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված հարցեր: Ռոհանին ասել է, որ Հայաստանն ու Իրանն այդ հարցում պետք է աջակցեն Սիրիայի և Իրաքի իշխանություններին:

«Հալեպի հարցում մեր տեսակետները համընկնում են Հայաստանի դիրքորոշման հետ, և ընդհանրապես, միջազգային կառույցներում երկու երկրների տեսակետները միմյանցից չեն տարբերվում»,- ասաց Ռոհանին: Սերժ Սարգսյանն էլ ընդգծեց, որ Հայաստանին առաջին հերթին մտահոգում է հատկապես Հալեպում հայ համայնքի անվտանգության ապահովման խնդիրը:

«Քննարկեցինք իրավիճակը Մերձավոր Արևելքում, ահաբեկչության դեմ պայքարը և իրավիճակի կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը։ Այս առումով կարևոր է երկու օր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հալեպի հումանիտար իրավիճակի շուրջ բանաձևի ընդունումը: Անշուշտ, Հայաստանին առաջին հերթին մտահոգում է Սիրիայում, հատկապես Հալեպում հայ համայնքի անվտանգության ապահովման խնդիրը»,- ասաց Սարգսյանը:

էներգետիկա

Հասան Ռոհանին և Սերժ Սարգսյանը հանդիպման ընթացքում քննարկել են նաև տնտեսական և էներգետիկ հարցեր: Իրանի նախագահն այսօր Երևանում շեշտեց, որ էներգետիկ ոլորտում լավ հարաբերություններ ունեն Հայաստանի հետ, սակայն, այս այցի ընթացքում որոշել են էլ ավելի զարգացանել համագործակցությունը նշված բնագավառում, մասնավորապես, Հայաստան մատակարարվող գազի ծավալների ավելացման տեսքով:

«Դա նաև վերաբերում է Թուրքմենստանից Իրանի միջոցով Հայաստան գազի արտահանման ծրագրին: Բացի այդ, նախատեսվում է էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալների աճի ապահովում, այդ թվում՝ էլեկրտրաէներգիայի արտահանում 3-րդ երկիր»,- ասաց Իրանի նախագահը՝ տեղեկացնելով, որ շարունակելու են բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման աշխատանքները:

Ուշագրավ է Հասան Ռոհանիի այն արձանագրումը, թե Հայաստանն ու Իրանը կարող են կապող օղակ հանդիսանալ Պարսից Ծոցի և Սևծովյան տարածաշրջանի միջև, ինչը խթան կհանդիսանա երկու երկրների ժողովուրդների բարեկեցության և բիզնեսի աշխուժացման համար: Հայաստանի նախագահն էլ իր հերթին շեշտեց, թե դա հնարավորություն կտա նվազագույն տրանսպորտային ծախսերով ապահովել իրանական բեռների մուտքը՝ եվրոպական շուկա:

Նշենք, որ ներկայումս Սևծովյան տարածաշրջանը Պարսից Ծոցին է միանում Թուրքիայի և Ադրբեջանի տարածքներով: «Սա ոչ միայն իրանական տրանսպորտի համար ամենակարճ և անվտանգ անցումը կլինի Հայաստանով, այլև շատ լուրջ խթան կհանդիսանա մեր երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի համար»,- հարցի առնչությամբ, ասաց ՀՀ նախագահը:

Առևտուր և բանկային ոլորտ

Անդրադառնալով երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին, Իրանի նախագահը շեշտեց, թե որոշել են ավելի դյուրին դարձնել համագործակցությունը, մասնավորապես, իրանական «Արազ» ազատ առևտրի գոտու տարածքում, որը գտնվում է Հայաստանի հետ սահմանին և կարող է մեծ հնարավորություններ ընձեռել նաև հայաստանցի գործարարներին:

Ըստ Հասան Ռոհաննի, կողմերը նաև պայմանավորվել են սերտացնել համագործակցությունը բանկային ոլորտում, և այսօր Իրանի և Հայաստանի Կենտրոնական բանկերի նախագահների հանդիպման ժամանակ շեշտվել է այդ համագործակցության կարևորությունը:

Համագործակցություն ԵՏՄ շրջանակում

Հասան Ռոհանին, ի դեպ, անդրադարձավ նաև Եվրասիական տնտեսական միությանը, նշելով, թե հետաքրքրված են ԵՏՄ-ի հետ համագործակցությամբ: Ասաց, որ այդ հարցում Հայաստանը մեծ դերակատարություն կարող է ունենալ: «Իրանը ցանկանում է հատուկ կարգավիճակ ունենալ Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերություններում»,- ասաց Ռոհանին, հավելելով, որ ցանկանում են ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի ռեժիմ ունենալ:

Ուշագրավ մի փաստ ևս․ իր ելույթում Իրանի նախագահն ընդգծեց, որ Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Արաքս գետի աղտոտման հարցը, տեղեկացնելով, որ Սերժ Սարգսյանը խոստացել է աջակցել այդ հարցի լուծմանը:

Հավելենք, որ Սարգսյանն ու Ռոհանին անդրադարձել են նաև երկու ժողովուրդների «դարեր շարունակվող բարիդրացիական հարաբերություններին»: Իրանի նախագահն ասաց, թե հայերն ու իրանցիները կողք կողքի ապրել են համերաշխ՝ կրելով նույն մշակութային արժեքները:

«Իրանի 11-րդ կառավարության ձևավորումից ի վեր, Հայաստանի և Իրանի հարաբերությունները սրընթաց զարգանում են: Իմ պաշտոնակալության արարողությանը նախագահ Սերժ Սարգսյանի ներկա գտնվելուց հետո մշտապես ժամանակ եմ փնտրել, որպեսզի փոխադարձ այց կատարեմ Հայաստան: Եվ այսօր շատ ուրախ եմ, որ նման հնարավորություն է ստեղծվել»,- ասաց Ռոհանին՝ ընդգծելով, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները մեծ ներուժ ունեն: «Այդ ներուժը որոշ չափով է միայն օգտագործվում, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի գալիք ամսիներին և տարիներին այն օգտագործենք ամբողջությամբ»,- ասաց Իրանի նախագահը:

Ի դեպ, Հասան Ռոհանին Հայաստանի նախագահին հաջորդ տարի հրավիրել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Սերժ Սարգսյան ասաց, թե հաճույքով կայցելի Իրան, քանի որ երկկողմ հարաբերություններն ուղղակի պարտավորեցնում են դա անել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG