Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը ժամանեց Հայաստան


Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Ըստ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է հանրապետության նախագահը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այցի շրջանակներում Իրանի նախագահը հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:

Նախագահի նստավայրում հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Երևանում Հայաստանի և Իրանի նախագահները ներկա կգտնվեն նաև Հայաստան-Իրան գործարար համաժողովին:

Հայաստանից Իրանի նախագահը մեկնելու է Ղազախստան, ապա Ղրղըզստան։

Ռոհանիի այցը Հայաստան հսկայական քաղաքական նշանակություն ունի, և ոչ միայն քաղաքական, ասում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Իրանագետի խոսքով՝ համագործակցությունը Իրանի հետ և համագործակցության ներուժը մի քանի ոլորտում է՝ էներգետիկայի՝ գազային և էլեկտրաէնեգիայի բնագավառներում և տրանսպորտային։

«Հայաստանը Իրանին կապող երկաթգծի մասին բոլորովին վերջերս խոսել է Իրանի փոխնախագահը՝ հայկական պատվիրակության Իրան այցի շրջանակներում՝ շեշտելով, որ այդ ծրագիրը մնում է իրանական օրակարգում, և իրանցիները շատ հետաքրքիր պայման են առաջարկում՝ սկսել սեփական տարածքում այդ երկաթուղու շինարարության աշխատանքները միաժամանակ հայկական կողմի՝ նման աշխատանքներ սկսելու հետ։ Եթե մենք համեմատելու լինենք Ադրբեջանի պարագան, իրանցիները հայտարարում են, որ գումար չունեն, որպեսզի կառուցեն այդ երկաթուղին։ Ադրբեջանը խոստանում էր 500 միլիոն դոլարի վարկավորում տրամադրել Իրանին՝ գումարի կեսը, այն գումարի կեսը, որն անհրաժեշտ է այդ երկաթուղին ավարտին հասցնելու համար, բայց, դատելով որոշ աղբյուրների տեղեկատվությունից, այդ գումարներն Ադրբեջանը չունի», - ասաց Ոսկանյանը։

Ճշտող հարցին, թե Ադրբեջանի հետ կապող այդ երկաթգծի հատվածը հենց իր տարածքում Իրանը պատրա՞ստ չէ սեփական գումարով կառուցել, իսկ Հայաստանի հետ կապող տարածքը պատրա՞ստ է սեփական գումարով կառուցել, իրանագետը պատասխանեց. - «Այո, դիվանագիտական լեզվից բոլորը կարող են թարգմանել այս»։

Պետք է, սակայն, նշել, որ մինչ օր որևէ ներդրումային ծրագիր Իրանը Հայաստանում դեռ չի իրագործել։

«Ընդհանուր առմամբ, իրանցիները արտասահմանում որևէ ներդրում խոշոր չեն իրականացրել, որովհետև պատժամիջոցներն, անշուշտ, վերացվել են դե յուրե, բայց դե ֆակտո այդ պատժամիջոցների զգալի հատվածը դեռևս զգացվում է Իրանում։ Անշուշտ իրանական գումարների ապասառեցման մասին հայտարարություն եղել է, բայց այդ գումարները դեռևս չեն հայտնվել։ Մի կարևոր հանգամանք՝ իրանցիների հետ աշխատանքում շատ արագ արդյունքներ ակնկալել պետք չէ։ Գործընթացը կարող է լինել երկարատև, բայց հաստատուն և արդյունավետ», - ասաց իրանագետը։

Հայաստանի համար չափազանց կարևոր է Իրանի հավասարակշռված քաղաքականությունը Հարավային Կովկասում և հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցում, նկատում է Ոսկանյանը։

«Իրանցիները դեմ են, որպեսզի տարածաշրջանում հայտնվեն երրորդ ուժեր, նույնիսկ խաղաղապահների ձևաչափով, և իրանցիները թեև այդ մասին չեն հայտարարում, դեմ են որպեսզի փոխվի դե ֆակտո գոյություն ունեցող հայ-իրանական սահմանը, նկատի ունեմ Արցախի հատվածում իրանի հետ ընդհանուր սահմանը», - ասաց Վարդան Ոսկանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG