Մատչելիության հղումներ

Ախուրյանի 104 ընտանիքների այսօր բնակարանների բանալիներ հանձնվեցին


Երկրաշարժից 28 տարի անց՝ Ախուրյան համայնքի 104 ընտանիքների այսօր բնակարանների բանալիներ հանձնվեցին:

Երեք շենքերի շինարարությունը տևեց 5 տարի: Ամեն տարի կառուցապատողը՝ «Գլենդել Հիլզը», բնակիչներին խոստանում էր տարեվերջին շահագործման հանձնել շենքը, սակայն ի վերջո՝ ընկերությունը սնանկ ճանաչվեց ու մեկ այլ կառուցապատող ավարտին հասցրեց կիսակառույցների շինարարությունը: Սա Ախուրյանում բնակարանաշինության վերջին ծրագիրն էր: 28 տարի բնակարանի սպասած ախուրյանցիներից շատերը դժգոհում էին, թե՝ ընտանիքների անդամների թիվն ավելացել է իսկ բնակմակերեսը մնացել է նույնը: Նաև արդեն հասցրել էին նկատել, որ թերություններ կան:

Շենքերը երաշխիքային սպասարկում ունեն․ Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանը շտապես բնակիչներին հանգստացնել․ - «Մի տարի ժամանակ կա՝ պայմանագրում ֆիքսված է, որ շինարարը պատասխանատու է մի տարի սպասարկելու, վերացնելու առաջացած թերությունները»:

104 ընտանիքների բնակարանամուտով էլ Ախուրյանում անօթևանության խնդիրը վերջնականորեն չի լուծվել:

«Կան դեռևս տարբեր պատճառներով դուրս մնացած․ ժամանակին դիմում չեն ներկայացրել, չի քննարկել հանձնաժողովը հարցերը, եղել են ինչ-որ փաստաթղթային պակասներ կամ դատական վեճեր կան: Այսինքն՝ ընթացքի մեջ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Իգիթյանը:

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանից էլ հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք վարչապետի Գյումրի կատարած այցից հետո անօթևանության խնդրի լուծման տարբերակներ քննարկվել են: Մարզպետն անդրադարձավ Գյումրիին, քանի որ այստեղ ամենաշատն են ժամանակավոր կացարաններում ապրող ընտանիքները: Ասաց՝ նախ պետք է գույքագրում կատարվի, որպեսզի հստակեցվի, թե քանի տնակ կա քաղաքում և ովքեր են այդտեղ բնակվում:

«Հիմնական խնդիրը մենք պիտի փորձենք լուծել սոցիալական բնակարանների գաղափարով, որովհետև դա կլինի և՛ համայնքի սեփականությունը, և՛ հնարավորություն կտա պարբերաբար տերերին փոխելու: Մարդիկ, ովքեր այդ սոցիալական բնակարաններում ապրելով հետագայում կկարողանան իրենց խնդիրները կարգավորել, կկարողանան իրենց սեփական բնակարանը ձեռք բերել, դա կփոխանցվի մեկ այլ քաղաքացու, ով ի վիճակի չի լինի», - շարունակեց Հովսեփ Սիմոնյանը:

Մարզպետ ասաց՝ ճանապարհներ, դոնորներ են փնտրում, որպեսզի կարողանան այդ սոցիալական բնակարանների հարցը կարգավորել: Այլ լուծումների շարքում՝ մարզպետը նշեց որոշ ժամանակավոր կացարանների մասնավորեցման հնարավորությունը: - «Ինչո՞ւ չէ՝ եթե կան տնակներ, որտեղ կարելի է մասնավորեցնել և մարդիկ կկարողանան տարեցտարի որոշակի աշխատանքներ տանելով հարմարեցնել, պայմաններ ստեղծել իրենց ապրելու համար՝ դա էլ է տարբերակ», - ասաց Սիմոնյանը:

Հաջորդ տարի 60 անօթևան գյումրեցու բնակարանի գնման վկայագիր կհատկացվի, իսկ 19 գյուղական բնակավայրերի 171 անօթևան ընտանիքների բնակարանային հարցն ինչպե՞ս է լուծվելու, այս պահին դեռ անորոշ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG