Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն այսօր Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել


Լուսանկարը՝ նախագահի կայքէջի
Լուսանկարը՝ նախագահի կայքէջի

Նախագահի կայքէջի փոխպանցմամբ, օրակարգի շրջանակներում Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը զեկուցել է «Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման հայեցակարգի» նախագիծը:

«Հայեցակարգի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունից և կոչված է ապահովելու ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման քաղաքականության շարունակականությունը` հիմնվելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության չափանիշների, ինչպես նաև ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման միջազգային առաջատար փորձի վրա: Այն նպատակաուղղված է Հայաստանում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման համակարգի առավել կատարելագործմանը, ռադիոակտիվ նյութերի հետ գործունեություն իրականացնող սուբյեկտների, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանը:

Նախագծի քննարկման արդյունքում Հանրապետության Նախագահը, կարևորելով փաստաթղթի ընդունման անհրաժեշտությունը, հանձնարարել է ՀՀ վարչապետին՝ ՀՀ փոխվարչապետի և Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հետ քննարկել և առաջարկություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման հայեցակարգի» դրույթներից բխող ՀՀ կառավարության ռազմավարության մշակման ժամկետների վերաբերյալ:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Անվտանգության խորհրդի անդամներին զեկուցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը 2018թ. Հայաստանում անցկացնելու մասին հարցը, որի վերաբերյալ հանձնարարական էր ստացել Հանրապետության Նախագահի հետ դեկտեմբերի 2-ին ունեցած աշխատանքային հանդիպման ժամանակ: Խորհրդի նիստում որոշվել է ստեղծել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստման միջգերատեսչական հանձնաժողով:

Նախագահը հանձնարարել է կառավարությանը՝ մեկամսյա ժամկետում ապահովել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման գործողությունների ծրագրի մշակումը և ներկայացումը ՀՀ Նախագահի հաստատմանը: Հանձնարարվել է նաև ձևավորել Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում ՀՀ նախագահության նախապատրաստման և անցկացման հարցերով քարտուղարություն:

Ազգային անվտանգության խորհրդի անդամները լսել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի զեկույցը ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 2-ի N 27 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության և Ռազմավարության իրականացումն ապահովող միջոցառումների ցանկի (2009-2035թթ.) իրականացման արդյունքների և ոլորտի հետագա զարգացման տեսլականի վերաբերյալ»,- նշված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG