Իրանի իշխանությունները կատարում են միջուկային համաձայնագրով նախատեսված իրենց պարտավորությունները, Թեհրանում հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Յուկիյա Ամանոն:
Իրան կատարած այցի ընթացքում Ամանոն հանդիպել է իրանական միջուկային գերատեսչության ղեկավար Ալի Ակբար Սալեհիի հետ:
Երեկ Իրանը դիմել է ԱԷՄԳ-ին՝ խնդրելով հանդիպում կազմակերպել համաձայնագիրը ստորագրած երկրների ներկայացուցիչների միջև, որոնք հետևում են պայմանավորվածությունների իրականացմանը: Ավելի վաղ պաշտոնական Թեհրանը մտավախություն էր հայտնել, թե Միացյալ Նահանգները կարող էխախտել անցյալ տարի ձեռքբերված պայմանավորվածությունները:
Միացյալ Նահանգները վերջերս որոշեց ևս 10 տարով երկարաձգել Իրանի նկատմամբ պատժամիջոցները: Իսկ ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց համաձայնագրից դուրս գալու իր ցանկության մասին, ինչից հետո Իրանի ղեկավարությունը հրահանգեց գիտնականներին սկսել իր նավերի համար միջուկային էներգաբլոկերի մշակումը: