Մատչելիության հղումներ

Հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքով


«Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ»-ին պատկանող բանկոմատը դեպքից հետո, 16-ը դեկտեմբերի, 2016թ.

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ։

«Նախնական տվյալներով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը (անձինք) 2016թ. դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան` ժամը 05:20-ի սահմաններում, վնասելու եղանակով բացել է «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲ ընկերությանը պատկանող բանկոմատը և հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի ՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին [գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով],կետով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին [գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով]կետով: Դեպքի վայրի զննությամբ բանկոմատի մակերեսից վերցվել են պայթյունի արգասիքների փորձանմուշներ, հարակից տարածքից հատնաբերվել է թվով 2՝ գազի և թթվածնի համար նախատեսված գազաբալոն՝ իրենց մալուխով և թափանցիկ ռետինե խողովակով», - ասված է հաղորդագրությունում:

Կոմիտեն նշում է, որ քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։ Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար:

Ըստ հաղորդագրության, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG