Մատչելիության հղումներ

Երևանում Ամանորի տոնակատարությունների բյուջեն կրճատվել է 20 մլն դրամով


Ամանորյա միջոցառումների համար Երևանի քաղաքապետարանն այս տարի կծախսի 39 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ 20 միլիոն դրամով պակաս է: Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ներկայացրեց «Նոր տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագիրը:

Փոխքաղաքապետի խոսքով, ծախսերը կրճատել են, որպեսզի խնայված գումարներն ուղղեն ապրիլյան պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողներին, ինչպես նաև զոհերի ընտանիքներին:

«Աստված տա, որ հաջորդ տարի մենք ազգովի չունենանք լուրջ խնդիրներ, ինչպիսին ունեցանք ապրիլին, և մենք կանենք էլի Հանրապետության հրապարակում շատ ավելի հնչեղ, շատ ավելի տոնական մթնոլորտում, շատ ավելի ոգեղեն՝ կարևորելով նաև մեր քաղաքացիների տրամադրությունն ու տրամադրվածությունը», - մեկնաբանեց Արամ Սուքիասյանը։

Փոխքաղաքապետի խոսքով՝ 20 միլիոն դրամ հնարավոր եղավ խնայել Հանրապետության հրապարակից տոնական միջոցառումները տեղափոխելով Ազատության հրապարակ։ Այս անգամ հրապարակում՝ Հանրապետության գլխավոր տոնածառի մոտ մշակութային միջոցառումները կսահմանափակվեն միայն լույսերի վառմամբ և տարեմուտը դիմավորելով։

«Հանրապետության հրապարակի ծավալը՝ այնտեղի հնչեղային սարքավորումը, լուսային ձևավորումը, անընդհատ բեմահարթակ ունենալը՝ 13-20 օր շարունակ, շատ ավելի մեծ ծախս է ենթադրվում», - նշեց նա:

Տոնական միջոցառումների մեկնարկը կտրվի դեկտեմբերի 19-ին` ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական արտաքին լուսավորության միացմամբ:

Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22:00-ից մինչ հունվարի 1-ի ժամը 01:00-ն մայրաքաղաքի բնակիչների, հյուրերի, ինչպես նաև զբոսաշրջիկների համար Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակում, կկազմակերպի Նոր տարվա դիմավորման տոնական ծրագիր, որը կուղեկցվի հայկական էստրադայի սիրված արտիստների ուրախ և տոնական երգերով ու պարային կատարումներով, իսկ ուղիղ կեսգիշերին հրավառությամբ կազդարարվի Նոր տարվա գալուստը։

Նախորդ տարիներին ծախսված ավել գումարը աննպատակ է եղել, դրանք կարելի էր ուղղել քաղաքի բաց ու թերի կողմերը շտկելու համար՝ ասում է Երևանի ավագանում «Բարև Երևան» խմբակցություն քարտուղար Անահիտ Բաշխյանը և բերում է Էրեբունի-Երևան տոնակատարությունների օրինակը․ եթե 2014-ին դրա վրա ծախսվեց 200 միլիոն, 2015-ին՝ 120, ապա այս տարի բյուջեն նվազեցվեց մինչև 65 միլիոն դրամ։ Ավագանու ընդդիմադիր անդամը համոզված է՝ 2016-ին միջոցառումները նախորդ տարիներից վատը չէին, հակառակը՝ ավելի մարդակենտրոն էին: Սա, նրա խոսքով, ապացուցում է, որ ցանկության դեպքում կարելի է տնտեսել․ - «Ինչո՞ւ չեն տնտեսել, դա լրիվ ուրիշ հարց է: Այդտեղ իրավունք ունեմ ինչ ասես եզրակացնել՝ է՛լ կոռուպցիոն, է՛լ ատկատ»:

Բախշյանը նշում է՝ ապրիլյան պատերազմի զոհերի և վիրավորների ընտանիքներին օգնելը դրոշակ դարձնել պետք չէ։ Նա վստահ է, եթե անգամ 10 միլիոն դրամ ծախսվեր, ապա ոչ մի երևանցի նման ամանորյա միջոցառումներից դժգոհ չէր լինի, միայն կավելանար հարգանքը դեպի քաղաքային իշխանությունը․ - «Չի կարելի այդպիսի բան ասել: Երբ ասում է՝ անցյալ տարի էլ կարող էինք տնտեսել, բայց լենքին, բոյին ծախսել ենք, որովհետև ապրիլյան պատերազմ չկար: Իր ասածը ժողովուրդը, մեղմ եմ ասում՝ չի հասկանա»:

Ինչ վերաբերում է ամանորի օրերին տրանսպարտի աշխատանքին, ապա Սուքիասյանի խոսքով՝ միայն դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ը գիշերը մետրոպոլիտենը կաշխատի մինչև 2-ը։ Անդրադառնալով հասարական տրանսպորտի աշխատանքին՝ փոխքաղաքապետը նշեց, սա խոցելի ոլորտ է, բայց անելու են ամեն ինչ, որ երևանցիները կանգառում կանգնած չմնան:

Մայրաքաղաքում ամանորյա միջոցառումները կամփոփվեն Ազատության հրապարակում նախատեսված տոնական համերգով՝ հունվարի 13-ին՝ ժամը 18:00-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG