Մատչելիության հղումներ

Նադեժդա Սավչենկոն հեռացվեց «Բատկիվշինա» խորհրդարանական խմբակցությունից


Նադեժդա Սավչենկո, արխիվ
Նադեժդա Սավչենկո, արխիվ

Ուկրաինայի Գերագույն ռադայի «Բատկիվշինա» կուսակցությունը երեկ երեկոյան հեռացրեց իր կազմից պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին։ Խմբակցությունը նշում է, որ իր սկզբունքներն ու քաղաքական համոզմունքները չեն համընկնում։

Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ ռուսաստանյան բանտում շուրջ երկու տարի անցկացրած Սավչենկոն գաղտնի հանդիպում է ունեցել ռուսամետ անջատականների հետ։ Դեկտեմբերի 7-ին Մինսկում տեղի ունեցած այդ բանակցություններին, որին մասնակցում էին նաևՌուսաստանի ներկայացուցիչները, ըստ Սավչենկոյի, քննարկվել են գերիների փոխանակման հարցեր։

Ուկրաինայի Անվտանգության ծառայության տվյալներով՝ այդ հանդիպման ընթացքում խոսք է գնացել ոչ միայն գերիների փոխանակման, այլ նաև ապօրինի զինված խմբավորումների մասնակիցներին համաներում շնորհելու և Ուկրաինայի վերահսկողությունից դուրս մնացած Դոնբասի դեմ պատժամիջոցները վերացնելու հարցեր։

Պաշտոնական Կիևը դեմ է անջատականների հետ ուղիղ շփումներին։ Նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ անջատականների հետ Սավչենկոյի բանակցությունները «ո՛չ իրեն են օգուտ բերում, ո՛չ Ուկրաինային»։

Ուկրաինական մի շարք քաղաքական գործիչներ և լրատվամիջոցներ Սավչենկոյի մինսկյան այցը որակել են «ազգային դավաճանություն»։

Գերագույն ռադայում արդեն պատրաստ է որոշման նախագիծը՝ Սավչենկոյին ազգային անվտանգության և պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովից հեռացնելու մասին։

Ուկրաինացի ռազմական օդաչու Սավչենկոն, հիշեցնենք, Ռուսաստանի կողմից մեղադրվել էր երկու ռուս լրագրողի սպանության մեջ։ 2014 թվականին ռուսաստանցի իրավապահները նրան ձերբակալել էին, ապա դատապարտել 22 տարվա ազատազրկման։ Անցած մայիսին պաշտոնական Կիևը երկար բանակցություններից հետո հայրենիք վերադարձրեց Ռուսաստանում դատապարտված Սավչենկոյին, որից հետո Կրեմլը հայտարարեց, որ նախագահ Վլադիմիր Պուտինը ներում է շնորհել նրան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG