Մատչելիության հղումներ

Ուկրաինացի օդաչուի ազատ արձակումը կարող է թուլացնել Մոսկվայի և Արևմուտքի միջև լարվածությունը, նկատում են վերլուծաբանները:

Պաշտոնական Կիևը այսօր հայրենիք վերադարձրեց Ռուսաստանում 22 տարվա ազատազրկման դատապարտված ուկրաինացի ռազմական օդաչու Նադեժդա Սավչենկոյին: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի օդանավը այսօր մեկնել է Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաք, որտեղ էլ տեղի է ունեցել Ուկրաինայում ավելի վաղ ազատազրկման դատապարտված ռուսաստանցիներ Եվգենի Երոֆեևի և Ալեքսանդր Ալեքսանդրովի փոխանակումը Սավչենկոյի հետ:

Հիշեցնենք՝ Ուկրաինայի արդարադատությունը Երոֆեևին և Ալեքսանդրովին համարում է ռուսական հատուկ նշանակության ջոկատի զինծառայողներ, որոնք, ըստ դատական գործի, ձերբակալվել են Ուկրաինայի արևելքում գաղտնի գործողություն իրականացնելիս: Կիևը մինչ այս փոխանակումը ներում էր շնորհել նրանց:

Reuters-ի տվյալներով, այսօր Սավչենկոյին հայրենիք վերադարձնելու նպատակով Ռուսաստան մեկնած՝ Ուկրաինայի նախագահին սպասարկող օդանավում բացի Երոֆեևից և Ալեքսանդրովից գտնվում էին նաև Պորոշենկոյի խոսնակը և Գերագույն ռադայի նախագահը: Ինչ վերաբերում է նախագահ Պորոշենկոյին՝ նա Կիևում էր սպասում Սավչենկոյին:

Reuters-ի փոխանցմամբ՝ առաջիկա ժամերին Ուկրաինայի նախագահը հանդես կգա հատուկ հայտարարությամբ:

Ուկրաինայի հերոս, Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի ազատ արձակումը արևմտյան կառավարությունների պահանջներից է, և ինչպես նկատում են արևմտյան վերլուծաբանները, ուկրաինացի օդաչուի ազատ արձակումը կարող է թուլացնել Մոսկվայի և Արևմուտքի միջև լարվածությունը, հատկապես որ Եվրամիությունը առաջիկա շաբաթներին պետք է որոշում կայացնի՝ երկարաձգե՞լ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, թե՞՝ ոչ:

Հիշեցնենք, մեկուկես օր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց ունեցավ Ուկրաինայի նախագահի և եվրոպացի առաջնորդների հետ: Կրեմլը թեև մանրամասներ չհաղորդեց կեսգիշերային հեռախոսազրույցի մասին, բայց առաջատար լրատվամիջոցները հաստատում էին, որ զրույցի հիմնական թեման Սավչենկոյի փոխանակումն է եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG