Մատչելիության հղումներ

Ամբողջությամբ ընդունվեց «հազար դրամների» և առաջին ընթերցմամբ՝ ապօրինի հարստացումը քրեականացնող նախագիծը


ԱԺ նիստերի դահլիճը, արխիվ
ԱԺ նիստերի դահլիճը, արխիվ

Պատգամավոր Թևան Պողոսյանի դիտարկմանը, որ բացակա պատգամավորի փոխարեն գրանցվել ու քվեարկել են, իշխող Հանրապետական խմբակցության անդամն այսպես արձագանքեց՝ «Դու լավ գործ տվող կաշխատես»:

Խորհրդարանն այսօր երրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «հազար դրամների» աղմկահարույց օրինագիծը, որով նախատեսվում է աշխատող քաղաքացիներից պարտադիր կարգով ամեն ամիս հազարական դրամ գանձել՝ վիրավոր զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին դրամական աջակցություն տրամադրելու նպատակով: Դեմ էին «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը, ՀԱԿ-ից՝ Գագիկ Ջհանգիրյանը, Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը: Ձեռնպահ քվեարկեց Էդմոն Մարուքյանը:

Առաջին ընթերցմամբ էլ օրենսդիրները միաձայն ընդունեցին պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնող՝ կառավարության ներկայացրած օրինագիծը: Քվեարկեց 90 պատգամավոր: Մինչ այդ՝ դեռ գրանցման ժամանակ ու նաև քվեարկություններից հետո, ընդդիմադիր պատգամավոր Թևան Պողոսյանը նկատեց՝ որոշ բացակա պատգամավորների փոխարեն գրանցվել են, ապա նաև քվեարկել։

Նշենք, որ Թևան Պողոսյանի մատնանշած պատգամավորական աթոռին նստում է հանրապետական պատգամավոր Հովհաննես Սոֆոյանը, ով այսօր թեև «գրանցվել և քվեարկել էր», սակայն, իրականում բացակայում էր նիստից: Նրա երկու հարևաններն են Հանրապետական խմբակցության անդամներ Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադի) և Սուքիաս Ավետիսյանը: Վերջինս, ի դեպ, նաև ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ է:

Պողոսյանի այս դիտարկմանը տեղից արձագանքեց իր ոչ միանշանակ վարքով հայտնի՝ Հանրապետական խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (մականունը՝ Շմայս), բղավելով՝ «Դու լավ գործ տվող կաշխատես»: Թևան Պողոսյանն այսպես արձագանքեց՝ «Եթե հանուն ազգի, ազնվության և օրենքի կարելի է գործ տվող համարվել, թող այդպես էլ լինի»: Իսկ Ազային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն էլ առաջարկեց՝ ընդամենը չհաշվել այդ կողմ ձայնը:

Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց՝ այս տարի խորհրդարանը փոփոխություն է մտցրել Ազգային Ժողովի կանոնակարգ օրենքում և սահմանել՝ ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորները կարգազանց են, և նրանց նկատմամբ նիստը վարողը պետք է կարգապահական միջոցներ կիրառի՝ զգուշացումից մինչև նիստերից հեռացում: Գալուստ Սահակյանը, սակայն, որևէ քայլ չձեռնարկեց՝ կարգազանց պատգամավորի նկատմամբ:

Ուշագրավ է, որ հենց այսօր Էթիկայի հանձնաժողովում պետք է որոշում ընդունվեր այդ երկու պատգամավորների վերաբերյալ՝ Հովհաննես Սոֆոյանի փոխարեն դեռ հոկտեմբերին քվեարկելու կապակցությամբ: Այն ժամանակ կրկնաքվեարկությունը նկատել էր «Մեդիա և իրավունք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչն ու դիմել էթիկայի հանձնաժողով: Եզրափակիչ նիստը, սակայն, այսօր չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով: Ներկա էին միայն հանձնաժողովի նախագահ Լյովա Խաչատրյանն ու Թևան Պողոսյանը:

Հաձնաժողովի մյուս անդամները՝ Հովհաննես Մարգարյանը, Վահրամ Մկրտչյանը, Կարո Շախմուրադյանն ու Սուքիաս Ավետիսյանն այդպես էլ չեկան: Էթիկայի հանձնաժողովի նախագահ Լյովա խաչատրյանն ասաց՝ հարցը քննել էին ու պարզել, որ կարգազանցություն իսկապես եղել է, սակայն, ստիպված են գործը փակել առանց եզրակացության:

«Եզրակացություն չկայացվեց՝ քվորում չլինելու պատճառով: Ժամկետներն էլ արդեն լրացել են, գործը համարվում է փակված: Նշանակում է, որ կանոնակարգն է թերի, պետք է անդրադառնալ դրա շտկմանը»,- ասաց Խաչատրյանը:

Թևան Պողոսյանն էլ շեշտեց՝ այսօր մինչ քննարկվում էր հաջորդ խորհրդարանի կանոնակարգը, ևս մեկ անգամ խախտվեց գործող կանոնակարգը․ տեղի ունեացավ քվեարկություն՝ ուրիշի փոխարեն: «Էլ ինչի՞ մասին կարող ենք խոսել, Սերժ Սարգսյանի ելույթում նշված ի՞նչ վարքագծային փոփոխություններ պետք է տեղի ունենան ․․․ երբ հենց այսօր մենք քնարկում ենք նոր կանոնակարգ օրենքն ու հենց ինքներս էլ այսօր խախտում ենք գործողը»,- հարցեր հնչեցրեց Թևան Պողոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG