Սիրիական հակամարտության կողմերը համաձայնություն են ձեռք բերել նոր հրադադար հաստատելու և Հալեպի արևելյան՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքներից ապստամբներին և քաղաքացիական ազգաբնակչությանը էվակուացնելու մասին: Հալեպից ստացվող հաղորդագրությունների համաձայն, կողմերն արդեն իսկ դադարեցրել են կրակը:
Սիրիայի բանակի և կառավարության դաշնակից ուժերի ներկայացուցիչները հաստատել են, որ էվակուացիայի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են: Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդ մարմինը տեղեկացրել է, որ հրատապ բժշկական աջակցության կարիք ունեցող մարդկանց տեղափոխող առաջին շարասյունը դուրս է եկել Հալեպից: