Մատչելիության հղումներ

Վարչապետը հանդիպել է Հայաստանի 10 խոշոր հարկ վճարող կազմակերպությունների ղեկավարներին


Կարեն Կարապետյան, արխիվ
Կարեն Կարապետյան, արխիվ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել երկրի 10 խոշոր հարկ վճարող կազմակերպությունների ղեկավարների հետ՝լսելու նրանց գործունեությանը խոչընդոտող խնդիրներն ու կառավարությունից սպասվող այն քայլերը, որոնք բարենպաստ պայմաններ կստեղծեն հետագա զարգացման համար:

«Խոշոր հարկատուները, խոսելով իրենց հուզող խնդիրներից, բարձրաձայնել են հարկային գերավճարների մեծ չափերին, հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանը, մաքսազերծման ժամկետների կրճատմանը, մրցակցային դաշտին վերաբերող և այլ հարցեր:

Անդրադառնալով գերավճարների խնդրին՝ վարչապետը նշել է, որ հաջորդ տարի պետք է համատեղ աշխատել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ՝ կազմելով որոշակի ժամանակացույց: «Պարզ է՝ մենք այդ խնդիրը պետք է լուծենք: Մենք մյուս տարի սեփական եկամուտների բավական ագրեսիվ աճ ենք նախատեսել: Եթե սեփական եկամուտների աճի ժամանակ մենք նաև դնում ենք գերավճարների նվազեցում, պատկերացնում եք, չէ՞, ինչքա՞ն ենք դնում աճը, մաթեմատիկորեն ասած: Եթե մենք ասում ենք՝ այսքան տոկոս մուտքերի աճ պետք է լինի, և միևնույն ժամանակ, մենք գերավճարը պետք է մաշեցնենք, ստացվում է, որ բազիսային մուտքերը պետք է ավելի շատ աճեցնենք», - ասել է կառավարության ղեկավարը:

Ի պատասխան հարցի, թե դիզվառելիքի շուկայում մրցակցության աշխուժացման արդյունքում խոշորագույն ներկրող ընկերություններն աշխատում են զրոյական շահույթով՝ վարչապետ Կարապետյանը նշել է, որ մրցակցային դաշտն ինքն իրեն կկարգավորի: Հանրային ծառայություններ մատուցող խոշոր կազմակերպություններն էլ բարձրացրել են ենթակառուցվածքների բարելավման և նորմատիվային դաշտի հետ կապված խնդիրներ:

Քննարկվել են նաև խոշոր հարկ վճարող ընկերությունների գործունեության ընդլայնմանը, արտադրական ծավալների ավելացմանը, տնտեսության հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր»,- մասնավորապես, նշված է կառավարության կայքէջում տեղադրված հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG