Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննության նյութերի ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ուղեկցող պահակախմբի ավագ Պարույր Գ.-ն, ոստիկաններ Արամայիս Ա.-ն և Սարո Բ.-ն նախօրոք պայմանավորվածություն են ձեռք բերել ոստիկանության նույն ստորաբաժանման մեկ այլ աշխատակից Անուշավան Բ.-ի հետ այն մասին, որ 2016 թվականի նոյեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, երբ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից իրենք ծառայողական ավտոմեքենայով տեղափոխեն 3 կալանավորներին, կանգնեն ճանապարհի պայմանավորված հատվածում և թույլ տան Անուշավան Բ.-ին, որպեսզի նա դեպի «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհի որոշակի հատվածն իր անձնական «Վազ 21 07» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխի հիշյալ կալանավորներին՝ ճանապարհին վերջիններիս հետ զրուցելու նպատակով:
Պայմանավորվածության համաձայն՝ ուղեկցող ոստիկանները ճանապարհին կանգնեցրել են կալանավորված անձանց համար հարմարեցված ծառայողական մեքենան և թույլ են տվել Անուշավան Բ.-ին, որ վերջինս իր անձնական ավտոմեքենայով տեղափոխի 3 կալանավորներին, իսկ իրենք՝ ուղեկցող ոստիկանները, ծառայողական ավտոմեքենայով շարժվել են նրանց հետևից։
Ծառայությունը նշում է, որ ոստիկանության ծառայող Անուշավան Բ.-ն, կալանավորներին տեղափոխելու ճանապարհին, իր վարած ավտոմեքենայով, Երևան-Իջևան մայրուղում, խախտելով երթևեկության կանոնները, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով ինչպես ոստիկան Անուշավան Բ.-ն, այնպես էլ՝ երեք կալանավորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևան քաղաքի բժշկական կենտրոն:
Ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի [պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին] հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՔԾ-ն նշում է, որ նախաքննության ընթացքում կատարված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են կատարված հանցագործության հանգամանքները:
«Հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով Ոստիկանության հիշյալ ստորաբաժանման աշխատակից Պարույր Գ.-ն և իր անձնական ավտոմեքենայով կալանավորներին տեղափոխող ոստիկան Անուշավան Բ.-ն ձերբակալվել են: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչը ոստիկանության հիշյալ ստորաբաժանման 4 ոստիկաններին էլ մեղադրանքներ է առաջադրել, այդ թվում՝ 3 ոստիկանների մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, իսկ ավտովթարի ենթարկված ոստիկան Անուշավան Բ.-ին մեղադրանք է առաջադրվել 38-308-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա մյուս 3 ոստիկաններին դրդել է, որ չարաշահեն իրենց պաշտոնեական լիազորությունները», - ասված է հաղորդագրությունում:
ՀՔԾ-ն նշում է, որ քրեական գործի նախաքննությունն իրականացնող քննիչը մեղադրյալներ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ուղեկցող պահակախմբի ավագ Պարույր Գ.-ի և իր անձնական ավտոմեքենայով կալանավորներին ապօրինի տեղափոխող ոստիկան Անուշավան Բ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է, սակայն մեղադրյալ ոստիկանների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, դատարանի որոշմամբ, փոխարինվել է գրավով:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: