Ռուսամետ անջատականների հետ հանդիպումներից հետո «Բատկիվշինա» կուսակցությունը ցանկանում է Նադեժդա Սավչենկոյին հեռացնել կուսակցությունից։
«Բատկիվշինա» կուսակցությունն առաջիկայում քննարկելու է կուսակցական ցուցակով պատգամավոր ընտրված Սավչենկոյին խմբակցությունից հեռացնելու հարցը։
«Սավչենկոն կարող է պլանավորել իր կյանքը և քաղաքական գործունեությունն այնպես, ինչպես ինքն անհրաժեշտ է համարում։ Նա «Բատկիվշինա» կուսակցության հետ որևէ ընդհանրություն չունի», - հայտարարել է խմբակցության ղեկավար Յուլիա Տիմոշենկոն՝ Ուկրաինայի 112 հեռուստաընկերության եթերում:
Նախօրեին Սավչենկոն հաստատել է Դոնեցկի և Լուգանսկի առաջնորդների հետ գաղտնի հանդիպումը, որը տեղի էր ունեցել դեկտեմբերի 7-ին Մինսկում։ Սավչենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ այդ բանակցություններին քննարկել են գերիների փոխանակումը։
Հիշեցնենք, «Բատկիվշինա» կուսակցության անդամ Նադեժդա Սավչենկոն ուկրաինացի ռազմական օդաչու է։ Ռուսաստանը նրան մեղադրում էր երկու ռուս լրագրողի սպանության մեջ։ 2014 թվականին ռուսաստանցի իրավապահները նրան ձերբակալել էին, ապա դատապարտել 22 տարվա ազատազրկման։ Այս տարվա մայիսին պաշտոնական Կիևը երկար բանակցություններից հետո հայրենիք վերադարձրեց Ռուսաստանում դատապարտված Սավչենկոյին, որից հետո Կրեմլը հայտարարեց, որ նախագահ Վլադիմիր Պուտինը ներում է շնորհել նրան: