Մատչելիության հղումներ

Հայաստանյան ապրանքը դեռ իր հստակ տեղը չի գտել ռուսաստանյան շուկայում


ԵԱՏՄ տարածքում մաքսային խնդիրների նվիրված միջազգային կոնֆերանս Երևանում: 29-ը մարտի, 2016 թ․

Հայաստանի տնտեսվարողների ու փորձագետների կարծիքով, Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) դեռևս լուրջ օգուտ չի ապահովել Հայաստանի տնտեսվարողների համար:

Թեև արտահանումը ավելացել է մոտ երկու անգամ, հայաստանյան ապրանքը դեռ իր հստակ տեղը չի գտել ռուսաստանյան շուկայում:

Չի փոխվել նաև Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների ցանկը․ այսօր ևս հայաստանցի գործարարներն արտահանում են հիմնականում սննդամթերք, ոգելից խմիչք (հիմնականում կոնյակ): Վերջին տարիներին փոքր-ինչ աշխուժացել է թեթև արդյունաբերության ոլորտը․ արտահանվում է, օրինակ, ներքնազգեստ: Խոսքը, սակայն, առայժմ փոքր ծավալների մասին է:

Եվրասիական տնտեսական միության կազմավորումը համընկավ նավթի համաշխարհային գների կտրուկ անկման և Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցներով պայմանավորված տնտեսական ճգնաժամի հետ: Որպես հետևանք՝ անկում են ապրում ոչ միայն Ռուսաստանի, այլև ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների տնտեսությունները:

Արդեն շուրջ երկու տարի գործող միությունում հաճախ տարաձայնություններ են առաջանում անդամ երկրների միջև: Եվ եթե, օրինակ, Բելառուսի իշխանությունները իրենց խնդիրները պարբերաբար բարձրաձայնում են ու հետամուտ են լինում դրանց կարգավորմանը, ապա Հայաստանի իշխանությունները փորձում են «ըմբռնումով» մոտենալ դրանց:

«Երբեմն Ռուսաստանի մաքսային ծառայությունները միջամտում են մեր արտահանումներին, ինչը հակասում է Եվրասիական տնտեսական միության համաձայնագրին: Սակայն էդ դեպքերը շատ և շատ քիչ են: Հնարավոր ա, որ Մաքսային ծառայությունը ստուգի, կամ պահանջի ինչ-որ թղթեր, բայց դա ոչ մի ձևի չի խոչընդոտի արտահանմանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ռուսաստանում Հայաստանի առևտրի ներկայացուցիչ Կարեն Ասոյանը՝ մանրամասնելով, որ ռուսաստանյան մաքսավորները պահանջում են ծագման սերտիֆիկատ, որը, ըստ ԵԱՏՄ անդամակցության, չպետք է պահանջեն:

Ըստ Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տվյալների, մեր երկիրը Ռուսաստանի առևտրային գործընկերների սանդղակում զբաղեցնում է ընդամենը 68-րդ տեղը: Ռուսաստանը, մինչդեռ, Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է: Մասնավորապես, 2016 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանվել է շուրջ 171 մլն դոլարի ապրանք: Իսկ Ռուսաստանից Հայաստան ներմուծվել է 435 մլն դոլարի ապրանք:

ԵԱՏՄ մյուս երկրներ՝ Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, Հայաստանն արտահանել է ընդհանռւր առմամբ 8 մլն դոլարի ապրանք:

Ռուսաստանը, ըստ էության, ԵԱՏՄ տարածքում մնում է Հայաստանի համար միակ շուկան: Հայաստանի պես փոքր երկրի համար Ռուսաստանը մեծ ու գրավիչ շուկա է, սակայն տնտեսական գործունեության կանոնները Ռուսաստանում յուրահատուկ են և տարբերվում են միջազգային շուկաների կանոններից:

Ավելին, հայաստանցի գործարարին, ինչպես ասում է Հայաստանի արտահանողների միության նախարար Րաֆֆի Մխչյանը, ռազմավարական դաշնակից Ռուսաստանում գրկաբաց չեն սպասում․ - «Ժամերով սպասացնում են, վեց-յոթ ժամ ոչ մեկը չի կարողանում որևէ գործողության կատարի: Դրանից հետո ինչ-որ մի հատ, «վարսավիր» են ասում, այդ «վարսավիրը» գալիս է և բոլորին «սափրում է»՝ գումարները հավաքում է, դրանից հետո սկսում են բաց թողնել մեր մեքենաները: Սա ամոթ է, սա չի նշանակում, որ մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք: Մենք, չգիտեմ, Չինգիզ-խանից եկած, գալիս մտնում ենք Ռուսաստանի Դաշնություն»:

Հայաստանում վերջին տարիներին արագ զարգացում է ապրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը՝ այսօրվա դրությամբ կազմելով ներքին համախառն արտադրանքի շուրջ 5 տոկոսը, և ռուսաստանյան շուկան, կարծես թե, պետք է հրապուրիչ լինի այս ոլորտում գործող հայաստանյան ընկերությունների համար:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Հայկ Չոբանյանը, սակայն, ասում է, որ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հայաստանյան ընկերությունների համար մեծ հաշվով նոր հնարավորություններ չի ստեղծել․ - «Այն, որ Ռուսաստան մեր արտահանումը տասն անգամ ավելի քիչ է, քան Ամերիկայի Միացյալ Նահանգներ, դա խոսում է նաև ռուսաստանյան շուկայի մրցունակության մասին: Որովհետև ակնհայտ է, որ ավելի մրցունակ աշխարհում, ավելի [արդար] խաղի կանոններով աշխարհում բիզնեսը, հատկապես արդար բիզնեսը, հատկապես պրոգրեսիվ և մտավոր բիզնեսը շատ ավելի հաջողակ պիտի լինի, քան թե ոչ-մրցակցային շուկայում»:

Ռուսաստանյան շուկայում բոլորովին վերջերս հայտնվել է, օրինակ, հայաստանյան արտադրության առաջին սմարթֆոնը: Ռուսաստանը, մինչդեռ, հսկայական գումարներ է ծախսում է երկրի ներսում այդ ոլորտը զարգացնելու համար, իսկ հայաստանյան ընկերությունների հետ համագործակցելիս գերադասում է վերջնական արտադրանքը ստանալ Ռուսաստանում:

«Եվրասիական միությունը դա ռեսուրս է՝ ֆինանսական, շուկայական և այլն, և այլն, որը պետք է օգտագործել հատկապես ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից, որը բացակայում է ընդհանրապես: Եվ մենք այսօր չունենք որևէ ենթակառուցվածքային խոշոր պրոյեկտ, որը հենված է Եվրասիական միության վրա: Ավելին, ես կարծում եմ, Եվրասիական միությանը միանալու արդյունքում մենք որոշ առումով հեռացանք այն ենթակառուցվածքային պրոյեկտներից, որոնք կարող էին լինել», - նշեց Չոբանյանը:

Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների մասին խոսելիս հնարավոր չէ շրջանցել ընդհանուր սահմանի բացակայության փաստը, ինչը, ըստ տնտեսվարողների, լուրջ խնդիր է: Մի քանի տարի առաջ, երբ Հայաստանը դեռ Մաքսային միության անդամ չէր, և Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցում էր Եվրամիության հետ, այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում էր, որ համաշխարհային պրակտիկայում չկա այնպիսի փորձ, որ որևէ երկիր, չունենալով ընդհանուր սահման որևէ մաքսային միությանն անդամակցող երկրների հետ, անդամակցի այդ միությանը:

Այսօր գործարարները պատմում են, որ Վրաստանի տարածքով Ռուսաստան ապրանք արտահանելիս ստիպված են լինում փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ պատրաստել:

«Քանի որ մեր ապրանքը պետք է տրանցիտ անցնի վրացական հողերով, դրա համար մենք պարտավորված ենք այդ բոլոր թղթերը պատրաստել, որ էդ ապրանքը կարողանա ցամաքային ճանապարհով հասնի Ռուսաստան», - ասում է Րաֆֆի Մխչյանը:

Նկատենք, որ Ռուսաստանը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Վերին Լարսը, տարվա առնվազն կեսը փակ է լինում:

Ռուսաստան - Հայաստան երկաթուղային կապը, որն անցնում է Աբխազիայի տարածքով, չի գործում արդեն շուրջ քսան տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG