Մատչելիության հղումներ

Սարգսյան․ «Զորքը, բնակչությունը և ԼՂՀ քաղաքացիները պետք է պատրաստ լինեն դժվարին ժամանակահատվածի»


Սերժ Սարգսյանը Թալիշի մերձակա դիրքերում, 10-ը դեկտեմբերի, 2016 թ․
Սերժ Սարգսյանը Թալիշի մերձակա դիրքերում, 10-ը դեկտեմբերի, 2016 թ․

«Այս պահին բանակցություններ չկան»,- Լեռնային Ղարաբաղում հայտարարել է Հայաստանի նախագահը:

ԼՂ կարգավորման հարցով բանակցություններ չկան: Այս մասին երեկ Ստեփանակերտում մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ «Չասեմ բանակցություններ, վերջին լուրջ խոսակցությունը Լեռնային Ղարաբաղի խնդրով տեղի է ունեցել օգոստոսի 10-ին: Դրանից հետո որևէ լուրջ խոսակցություն խնդրի մասին չի եղել»,- մանրամասնել է Սարգսյանը:

ԼՂ հակամարտության հարցով Հայաստանի ու Արդբեջանի նախագահներն այս տարի հանդիպել են երկու անգամ, վերջին հանդիպումը կայացել է մոտ 6 ամիս առաջ, ՌԴ նախագահ վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ, Սանկտ Պետերբուրգում։ Բանակցությունների վերսկսման անհրաժեշտության մասին նախօրեին խոսել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքականության ղեկավարները։

Համատեղ Հայտարարության մեջ Քերին, Լավրովն ու Էրոն Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիևին կոչ էին արել ճկունություն ցուցաբերել և վերադառնալբանակցությունների սեղանի մոտ, զգուշացնելով՝ եթե առաջընթաց չարձանագրվի, նոր բախումների հավանականությունը շարունակելու է աճել, և կողմերը կրելու են դրա ամբողջ պատասխանատվությունը։

Հանգստյան օրերին առաջնագիծ այցելած Սերժ Սարգսյանը երեկ նաև հայտարարել է, որ իրավիճակը սահմանում վերահսկելի է։ «Առաջնագծում հատուկ լարված իրավիճակ չկա, սովորական իրավիճակ է, որը, կարելի է ասել՝ շատ ավելի հանդարտ է, քան մեկ տարի առաջ»,- ասել է նա:

Հայաստանի նախագահը Լեռնային Ղարաբաղ էր մեկնել դեկտեմբերի 8-ին։ Եռօրյա այցի ընթացքում նա եղել է առաջնագծում, այցելել զորամասեր, ՊԲ հրամանատարական կազմի հետ անցկացրել մի շարք խորհրդակցություններ։ Պատասխանելով Երևանի տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի հարցին, թե ինչու է հատկապես հիմա նախագահը որոշել այցելել Ղարաբաղ, Սերժ Սարգսյանը շեշտել է՝ իր համար այցը պարտադրանք է։

«Դա ներքին պարտադրանք է, որովհետև հիմա այն ժամանակահատվածն է, երբ և՛ զորքը, և՛ բնակչությունը, և՛ ԼՂՀ քաղաքացիներն արդեն պատրաստ պետք է լինեն մի դժվարին ժամանակահատված անցկացնելու: Զորքը շատ կարիքներ ունի, և այդ կարիքները պետք է գնահատել, որովհետև մեր հնարավորությունները անսահմանափակ չեն, որպեսզի բոլոր հարցերը, բոլոր խնդիրները լուծվեն: Դրա համար պետք է կարիքները գնահատել, տեսնել՝ որն է առաջնայինը ու այդ խնդիրներին լուծում տալ: Ժամանակահատվածը սրանով է պայմանավորված»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն, այս գիշեր շփման գծի հարավային (Հորադիզ) ուղղությամբ հակառակորդը խոշոր տրամաչափի 82 մմ-ոց ականանետերից 14 անգամ արկակոծել է հայկական դիրքերը։ Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում, ադրբեջանական զինուժը առաջնագծի մի շարք հատվածներում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց: Պաշտպանության բանակի փոխանցմամբ, այս պահի դրությամբ շփման գոտու ողջ երկայնքով իրադրությունը համեմատաբար հանգիստ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG