Մատչելիության հղումներ

Քաղաքագետները բանակցություններում դրական տեղաշարժի հնարավորություն չեն տեսնում


Արխիվ - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցում են բանակցությունների Սանկտ Պետերբուրգում, 20-ը հունիսի, 2016թ․

Փորձագետները մինչև տարեվերջ Սերժ Սարգսյան - Իլհամ Ալիև հանդիպումը քիչ հավանական են համարում։ Համբուրգում օրերս անցկացվող ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները հայտարարություն էին տարածել, նշելով, թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պետք է «ճկունություն ցուցաբերեն և վերադառնան բանակցությունների սեղանի մոտ»։

«Եթե նույնիսկ այդպիսի հանդիպում տեղի ունենա, ապա բանակցություններում դրական տեղաշարժի հնարավորություն գոնե այս պահին չկա», - ասում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը․ - «Մի կողմից Ադրբեջանի դիրքորոշումը օրեցօր կոշտանում է, մյուս կողմից՝ մեր կողմից ոչ մի նախաձեռնություն չկա, ու այդ վակուումի դեպքում գնալ ֆորմալ հանդիպելու՝ ես կարծում եմ շատ վտանգավոր է։ Օրինակ այդ վերջին իբր հանդիպումը՝ Նալբանդյան – Մամեդյարով, չկար հանդիպում։ Ֆիզիկապես այն, որ բերեցին Նալբանդյանին ու Մամեդյարով, նստեցրեցին համանախագահող երկրների արտգործնախարարները, դա չի կոչվում հանդիպում»։

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը համակարծիք է․ - «Ադրբեջանը իրեն դրսևորում է ագրեսիվ, հայտարարում է, որ ոչ միայն Արցախն է իրենը, այլ նաև Հայաստանը, անընդհատ մեծացնում է սպառազինությունների ծավալը։ Այս պայմաններում շատ դժվար է լինելու գտնել դիվանագիտական լուծումը»։

Քաղաքագետներին մտահոգում է այն, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների գնահատականներն ու ապրիլյան պատերազմի ժամանակ տեղի ունեցած վայրագությունների դատապարտումն անհասցե են։

«Խոսքը գնում է շատ կոնկրետ իրադարձությունների մասին․ ադրբեջանական կողմը սկսեց պատերազմ, պատերազմի ժամանակ սպանվեցին ոչ միայն զինվորները, այլ նաև սպանվեցին քաղաքացիական անձինք՝ Ղարաբաղի բնակիչներ, ուրեմն՝ ակնհայտ է, որ սրանք հայեր են, ու գոնե այստեղ կարող էին լինել հասցեատերերը», - ասում է Ստեփան Գրիգորյանը։

Քաղաքագետները վերապահումով են մոտենում նաև համանախագահող երկրների նախագահների առաջարկած հավելյալ տարրերին, որոնց վրա պետք է հիմնվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձին ադրբեջանական վերահսկողության ներքո և Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի տրամադրմանը։

«Եթե իրենք խոսում են տարածքների վերադարձի մասին, թող վերջնական կարգավիճակը ֆիքսեն», - ասում է Ստեփան Գրիգորյանը։

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ընդգծում է․ - «Մենք խոսում էինք, որ ապրիլյան պատերազմից հետո այլևս նախկին շրջանակը չի կարող դրվել հակամարտության կարգավորման հիմք։ Հայկական կողմը ոչինչ չի արել հակամարտության կարգավորման հենքը ապրիլյան պատերազմից հետո փոխելու համար և որևէ ձևով չօգտագործեցինք հակառակորդի կատարած մեծ սխալը՝ պատերազմի և ագրեսիայի փորձը հակամարտությունը կարգավորելու առումով»։

ԼՂ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանն էլ հավելում է․ - «Չեմ կարծում, որ Արցախում կգտնվի քիչ թե շատ լուրջ քաղաքական ուժ, քաղաքացիների խումբ կամ որևէ շերտ, որը համաձայն կլինի տարածք հանձնել Ադրբեջանին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG