Մատչելիության հղումներ

Վարչապետը գիտաշխատողներին՝ դուք պետք է բիզնեսի հետ սերտ աշխատեք


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա, հանդիպել գիտական կազմակերպությունների ղեկավարներին, քննարկել գիտության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:
Վարչապետն առաջարկել է հանդիպումը կառուցել հետևյալ թեզի և գաղափարի շուրջ՝ ինչպե՞ս անել, որպեսզի գիտնականները լավ ապրեն, նշված է կառավարության հաղորդագրությունում:

«Գաղափարը ձևակերպեք իքս կառույցին և վաճառեք, որպեսզի նա ձեզ հետ դառնա համահետազոտող և իր վրա վերցնի գիտնականների ծախսը՝ գիտակցելով, որ հինգ տարի հետո դառնալու է հաղթող: Ապրանք վաճառելու խնդիրն ապրանքի տիրոջ խնդիրն է, ոչ թե գնորդի: Դուք ասում եք թող գնորդը մեր նկատմամբ, որպես պոտենցիալ պրոդուկտ տվողի, հետաքրքրված լինի: Աշխարհում այդպիսի բան չկա, ակտիվ է ապրանք վաճառողը, ակտիվ է ծառայություն վաճառողը: Ես հատուկ եմ ուզում խոսել բիզնես լեզվով: Դուք պետք է բիզնեսի հետ սերտ աշխատեք, դուք պետք է ձեզ մոտ ունենաք կոմերսանտ մտածող գիտնական, որը կհասկանա ձեր ոլորտի կիրառական էֆեկտը և կփորձի դա վաճառել»,- նշել է վարչապետը:

«Ես ուզում եմ պետպատվերը տալ մի պրոդուկտի, որն ունենալու է ապագա և կիրառական էֆեկտ: Մեր հաղթաթղթերից մեկը պատմությունն է: Ձևակերպեք այն պրոդուկտները, որոնք կարելի է հետաքրքիր կերպով գովազդել: Օրինակ, ես գիտեմ որ Շենգավիթը 6 հազար տարեկան է, չեմ կարծում, որ երկրագնդի վրա կան շատ քաղաքներ, որոնք ունեն 6 հազար տարվա պատմություն: Մենք դա ընդհանրապես գովազդ չենք արել: Դա պետք է որպես պրոդուկտ մատուցել»,- ասել է վարչապետը և Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանին առաջարկել հանդիպել Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի հետ ու հարցը քննարկել:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ գիտության ոլորտի համար պատրաստ է ապահովել բոլոր անհրաժեշտ հարթակները, որտեղ գիտության ներկայացուցիչների ասելիքը կլինի կիրառելի և ընկալելի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG