Մատչելիության հղումներ

Նալբանդյանը չի բացառել Սարգսյան-Ալիև հանդիպման հնարավորությունը


Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հակամարտության գոտում նոր դիտորդների տեղակայման շուրջ փոխհամաձայնություն ձեռք չի բերվել։

Համբուրգում այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառել մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը:

«Բացառված չէ, բայց այդ կարգի հանդիպումները պետք է ավելի մանրակրկիտ պատրաստվեն, որովհետև մեր հարևան երկրից հնչում են հայտարարություններ հենց Համբուրգից առաջ, որ միջազգային իրավունքը ոչինչ է․․․»,- ասաց Նալբանդյանը: Նա նաև նշել է՝ Ադրբեջանն է հրաժարվում իր պարտավորություններից՝ «Ո՞վ է հրաժարվում, Ադրբեջանը, հայտնի չէ՞»:

Համբուրգում, որտեղ 2 օր է ընթանում էր ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստը, երեկ ուշ երեկոյան կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների հանդիպումը: Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը «Ազատությանը» փոխանցեց, որ հանդիպման նախաձեռնությունը համանախագահներինն էր:

Իրենց հերթին, երեկ ուշ երեկոյան հայտարարությամբ հանդես եկան եռանախագահ երկրների արգործնախարարները։ Ջոն Քերրին, Սերգեյ Լավրովն ու Ժան Մարկ Էրոն կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին վերսկսել բանակցությունները և հարգել նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնելու մասին:

«Մենք համոզված ենք, որ նախագահները պետք է բարեխղճորեն և հնարավորինս շուտ ներգրավվեն բանակցություններում: Նախագահների շարունակական և ուղիղ երկխոսությունը, համանախագահների հովանու ներքո, շարունակում է վստահության ամրապնդման և խաղաղ գործընթացն առաջ մղելու առանցքային բաղկացուցիչը մնալ», - մասնավորապես, նշել են համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները շարունակելով՝

«Եթե բանակցություններում առաջընթաց չարձանագրվի, նոր բախումների հավանականությունը շարունակելու է աճել, և կողմերը կրելու են դրա ամբողջ պատասխանատվությունը»: Հայաստանի արգտգործնախարարը Համբուրգում ունեցած ճեպազրույցում նշել է, որ հայկական կողմը կարող է միանալ այս հայտարարությանը, իսկ ադրբեջանականը՝ ոչ։ Ուժ չկիրառելու մասին արտգործնախարարների հորդորը ուղղված է Ադրբեջանին, պնդել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Լավրովը, Քերրին և Էրոն համատեղ հայտարարությունում գնահատականներ էին հնչեցրել ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ: «Ապրիլին շփման գծում բռնությունների դրամատիկ էսկալացիայի համատեքստում մենք մտահոգված ենք զինված բախումների շարունակմամբ, այդ թվում` ծանր հրետանու գործածությամբ, և խստորեն դատապարտում ենք ուժի և ուժի գործադրման սպառնալիքի կիրառումը: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի և վիրավորումների համար որևէ արդարացում չկա: Մենք նաև տեղյակ ենք ապրիլին մարտի դաշտում տեղի ունեցած վայրագությունների մասին և խստագույնս դատապարտում ենք դրանք»,- ասել են միջնորդները:

Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և ֆրանսիայի արտգործնախարարները նաև հիշեցրել են կողմերին, որ ղարաբաղյան կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկիի Եզրափակիչ ակտի, մասնավորապես ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունքների հիման վրա, ինչպես նաև համանախագահող երկրների նախագահների առաջարկած հավելյալ տարրերի հիման վրա, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ ադրբեջանական վերահսկողության ներքո, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, որն ապահովում է անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին միացնող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը սահմանող իրավականորեն պարտադիր կամարտահայտություն, ներքին տեղահանված բոլոր անձանց և փախստականների վերադարձ իրենց նախկին բնակության վայրեր և միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնք ներառում են խաղաղապահության գործողություն:

Համբուրգում այսօր ղարաբաղյան խնդրին է անդրադարձել նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հայտարարելով, որ հակամարտության գոտում նոր դիտորդների տեղակայման շուրջ փոխհամաձայնություն ձեռք չի բերվել։ «Այդ մասին պայմանավորվածությունը պետք է ամրագրվի ԵԱՀԿ-ի որոշմամբ, բայց որպեսզի դա իրականություն դառնա, կոնսենսուս է հարկավոր: Դիտորդների թիվը ավելացնելու շուրջ կոնսենսուս կա, սակայն, փոխհամաձայնություն չկա նրանց տեղակայման վայրի շուրջ: Իմ կարծիքով, նրանք պետք է տեղակայվեն շփման գծում, բայց այս հարցում դեռ կոնսենսուս չկա»:

Լեռնային Ղարաբաղում Մինսկի խումբը համանախագահող երկրների արտգործնախարարների համբուրգյան հայտարարությունից հետո կարգավորման հարցում բեկում չեն ակնկալում։ Նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանն «Ազատության» հետ հեռախոսազրուցում ասաց՝ կարգավորման ապագան դեռ շատ մշուշոտ է՝ «Ամենակարևորն այն է, որ նման հանդիպումները պետք է նպաստեն խաղաղության ու կայունության պահպանմանը: Բեկում ակնկալելը վաղաժամ է»,- ասաց Բաբայանը:

Ղարաբաղյան իշխանությունները շփման գծում չդադարող կրակոցների համար շարունակում են մեղադրել ադրբեջանական կողմին։ Բաբայանը նշում է՝ արտգործնախարարների հայտարարությունում կարող էր հասցեական քննադատություն հնչել:

Իշխող հանրապետականի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ժամավաճառություն է որակում ադրբեջանական կողմի հետ հանդիպումները, եթե ձեռք բերված պայմանավորվածություններն այդպես էլ մնում են թղթի վրա։ «Մենք բազմիցս նշել ենք՝ որևէ հանդիպումից չենք խուսափում, բայց եթե հանդիպում ենք, ձեռք ենք բերում պայմանավորվածություններ, ինձ թվում է, որ Մինսկի խումբն այդտեղ բավական լուրջ անելիք ունի, պետք է հետևողական լինի և հավասարության նշանը պետք է հանվի, պետք է տրվեն ճիշտ գնահատականներ՝ ու՞մ պատճառով պայմանավորվածությունները չեն կատարվում»,- ասում է Բաղդասարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG