Մատչելիության հղումներ

ՊԵԿ-ը կանխել է առանձնապես խոշոր չափի «մեթամֆետամին» թմրանյութի ներկրումը Իրանից


Հայ-իրանական սահմանի Մեղրիի անցակետը, արխիվ

Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունները դեկտեմբերի 6-ին, գիշերը ժամը 3:50 Մեղրիի մաքսակետում կանխել են առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 1 կիլոգրամ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի ներկրումը երկիր:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ Թեհրան-Երևան ավտոբուսով Հայաստան ժամանած Իրանի երկու քաղաքացիների ուղեբեռները հենց Մեղրիի մաքսակետում զննության են ենթարկվել, բացահայտվել է կասկածելի ուղևորներից մեկի ճամպրուկի իրական պարունակությունը: Պարզվել է, որ ճամպրուկի կողային հատվածներում առկա կաղապարի անցքերը ծառայեցվել են որպես «մեթամֆետամինի» թաքստոց:

ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու դեպքի առթիվ: Իրանի երկու քաղաքացիներ նշված կասկածանքով ձերբակալվել են: Նախաքննությամբ նշանակվել են դատաքիմիական և դատատոքսիկոքիմիական փորձաքննություններ՝ գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հարցեր պարզելու համար: Շարունակվում է օպերատիվ աշխատանքը` դեպքի հանգամանքների ամբողջական բացահայտման, թմրանյութի հնարավոր իրացման կամ Հայաստանից հետագա հնարավոր արտահանման հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ամֆետամինների խմբին պատկանող «մեթամֆետամինը» արհեստական ճանապարհով ստացված թմրամիջոց է, որն առաջին անգամ սինթեզվել է 1919 թվականին: Հայաստանի քրեական օրենսգրքով «մեթամֆետամինի» առանձնապես խոշոր չափ է համարվում ավելի քան 1.5 գրամ քաշով զանգվածը, իսկ, ըստ վերլուծությունների, սև շուկայում թմրանյութի այս տեսակի իրացման գինը տատանվում է 200-300 դոլարի շրջանակում:

«Փորձը ցույց է տալիս, որ թմրամիջոցների ապօրինի ներկրման դեպքերը մեծ մասամբ բացահայտվում են հայ-իրանական սահմանին: Ընդ որում, մաքսանենգներն ամեն անգամ տարբեր մեթոդներով են փորձում շրջանցել մաքսային հսկողությունը՝ նախապես թաքստոցներ պատրաստելով «թանկարժեք բեռի» համար», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG