Մատչելիության հղումներ

Իրավապաշտպան․ ԱԺ-ում հիմա արդեն՝ բռունցքների ազատություն


Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

«Ազգային ժողովը օրենսդիր մարմին է, որտեղ տեղի են ունենում պարբերաբար սպառնալիքներ և հայհոյանքներ», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ խոսելով չորեքշաբթի օրը խորհրդարանում պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի և լրագրող Վահե Մակարյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին:

«Հիշենք Մհեր Սեդրակյանին, որի հայհոյանքները համառորեն ՀՀԿ-ականները չէին լսում, իհարկե, բայց կար այդ հայհոյանքը: Իսկ հիմա արդեն, փաստորեն, բռունցքների ազատություն», - շարունակեց իրավապաշտպանը:

Ալեքսանյանին զարմացնում են Ռուբիկ Հակոբյանի բացատրությունները․ - «Նախ, չի պատմում եղելությունը՝ ինչպես է եղել, եթե դու այդքան ազնիվ ես, պատմիր: Ամեն դեպքում, չի ասում, որ հարվածել է լրագրողին: Հրաժարվեիր նրա հարցերին պատասխանելուց՝ ընտրելու հնարավորություն ունես: Եվ եթե դու որակումներ ես տալիս, ասենք՝ պատգամավոր, նախկին դիվանագետ, և՝ խուլիգան, դու ի՞նչ իրավունք ունես, կամ՝ նա լրագրող չի, ես էլ կարող եմ ասել՝ դու պատգամավոր չես, բայց ի՞նչ դրանից: Եվ ինքն աշխատում է իր դեմ՝ Ռուբեն Հակոբյանը չի կարող վերականգնել, ինքը միշտ կհիշվի լրագրողին հարվածող պատգամավոր: Իսկ եթե նա ներողություն խնդրեր՝ առանց այս աղմուկի, հենց միջադեպից հետո զանգ տար և ներողություն խնդրեր, և մենք այդպիսի դեպքեր շատ գիտենք․․․ փաստորեն ինքը դա չի անում և փորձում է վարկաբեկել լրագրողին»:

«Ինքն ասում է, որ գործընկերներն են իրեն շնորհակալություն հայտնել», - «Ազատության» այս դիտարկմանը իրավապաշտպանը արձագանքեց․ - «Հավանաբար, այդ նույն գործընկերները, և շատ հպարտությամբ էր, և դա որպես արդարացում էր նա ասել, ես, ճիշտն ասած, չէի սպասում այդ բացատրություններին, որ կարող էին ոգևորել նրան այդ զանգերը, ասենք, Մհեր Սեդրակյանի, և ամբողջ այս պրոցեսը ազնվությունից զուրկ է: Եվ այդ ատելությունը, որ կուտակվել է լրագրողների նկատմամբ, վերջին տարիներին՝ կա՛մ զանգվածային ծեծեր են լրագրողների նկատմամբ, կա՛մ անհատներն են արդեն բռնացնում ու ծեծում, ես այդ համատեքստում եմ տեսնում: Որովհետև եթե Շմայսին [ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի մականունը] չեն պատժում, կամ մյուս դեպքերի ժամանակ որևէ արդյունքի չի բերել, որ այսօր դա չկրկնվի, և ամեն մեկը իրեն թույլ է տալիս այսպես վարվել լրագրողների հետ․․․ և գիտե՞ք, ծեծելը ավելի հեշտ է, քան ներողություն խնդրելը»:

«Շատ լավ կլինի, որ լինի իրավական գնահատական: Հետո՞ ինչ, որ դու պատգամավոր ես՝ դու արտոնյալ վիճակում չես, և որևէ առավելություն չունի ինքը Վահե Մակարյանի նկատմամբ: Եվ հետո, նայեք տարիքային տարբերությունը՝ շատ ամոթ է և անհարիր է: Ռուբեն Հակոբյանը չուներ այն իմիջը, ինչ որ Մհեր Սեդրակյանը, ասենք՝ Մհեր Սեդրակյանից շատ սպասելի էր, բայց պարզվում է՝ մարդիկ առիթների դեպքում բացվում են և ներկայանում են», - ընդգծեց Ժաննա Ալեքսանյանը:

Հիշեցնենք՝ «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանը չորեքշաբթի օրը հայտարարել էր, որ Ազգային ժողովի շենքի միջանցքներից մեկում պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հայհոյել ու հարվածել է իր դեմքին։ Հակոբյանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է լրագրողին հարվածելու փաստը, միայն պնդելով՝ Մակարյանն իրեն կոռեկտ չի պահել:

Դատախազության ցուցումով, Ոստիկանությունը լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների հիման վրա հետաքննություն է սկսել միջադեպի կապակցությամբ:

Տվյալ թեմայով «Ազատություն TV»-ի դեկտեմբերի 9-ի ռեպորտաժն ու հարցազրույցները կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG