Մատչելիության հղումներ

Միջադեպ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի և լրագրողի միջև ԱԺ-ում


«Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանն այսօր հայտարարել էր, որ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հայհոյել ու հարվածել է իր դեմքին։ Միջադեպն ըստ լրագրողի տեղի է ունեցել խորհրդարանի միջանցքներից մեկում։

Մակարյանի խոսքով, պատգամավորին դուր չեն եկել Դաշնակցությանը վերաբերող իր հարցերը, նա բարկացել է, հետո հորդորել առանձնանալ՝ զրուցելու:

«Բառը բերանիս՝ հայհոյեց ու խփեց դեմքիս: Ճիշտն ասած՝ չէի սպասում, որ եկել էի ոչ թե զրուցելու, այլ կռիվ անելու Ազգային ժողովում», - պատմեց լրագրողը:

Պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց լրագրողին հարվածելու փաստը, միայն պնդեց՝ Մակարյանն իրեն կոռեկտ չի պահել:

«Ինքը ամենավերջին խուլիգանի նման է իրեն պահել: Նույնիսկ ասաց՝ էթիկայի կանոններ եք խախտում, ես Ձեզ կդաստիարակեմ: Ես հասկացա, որ ես արդեն ժուռնալիստի հետ չեմ զրուցում, զրուցում եմ պարզագույն խուլիգանի հետ, և հրավիրեցի՝ ասացի՝ գուցե իսկապես դաստիարակելու բան կա, դաստիարակեք: Հետագայում նայեցի՝ ինքը ինձ ինչ-որ մի հանցագործ է ներկայացրել: Սուտ է: Ուղղակի երևի դուրը չեկավ դաստիարակության այն չափը, որը ինքը տվեց, դրանից եկել բողոքում է: Այսքանը կասեմ», - ասաց պատգամավորը:

Այսօր միջադեպին անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանը:

«Հրապարակ» օրաթերթի լրագրողի և ԱԺ պատգամավորի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկությունները խիստ անհանգստացնող են: Հուսով եմ բոլոր մանրամասները օբյեկտիվորեն կպարզվեն հնարավորինս սեղմ ժամկետում: Այն կլինի իմ անմիջական ուշադրության կենտրոնում և կներդնեմ բոլոր ջանքերը հետագայում նման միջադեպերը բացառելու ուղղությամբ: Որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ բռնությունը», - ասված է ՄԻՊ խոսնակի տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG