Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը պատմական Սիս քաղաքում գտնվող կաթողիկոսարանի վերադարձի հարցով այսօր կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
«Ինչպես տեղյակ եք, շուրջ երկու տարվա աշխատանքից հետո, 28 ապրիլ 2015-ին մեր Սուրբ Աթոռը դիմել էր Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ վերոհիշյալ պահանջով: Սահմանադրական դատարանը իր հերթին դիմել էր արդարադատության նախարարությանը՝ դրա դիրքրոշումն ունենալու համար: Վերջինս հորդորել էր մերժել հայցը՝ այն համարելով Սահմանադրական դատարանի իրավասության սահմաններից դուրս։ Հետևաբար, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը որոշեց դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան», - ասված է Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում։
Վաղը տվյալ թեմայով նաև ասուլիս է նախատեսված Բրյուսելում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի, Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչների և փաստաբանների մասնակցությամբ։
«Սիրելի հայ ժողովուրդ, այս դատը Կիլիկիո կաթողիկոսության դատը չէ միայն, ոչ էլ մեր եկեղեցու, այլ՝ մեր ժողովրդի։ Մենք այս գիտակցությամբ, այս հանձնառությամբ, այս հեռանկարով ենք ճամփա ելել և պետք է շարունակենք իրավական այս ընթացքը, ինչպես հաճախ կրկնում եմ՝ մենք պետք է շարունակենք Ցեղասպանության ճանաչման գործընթացը, միաժամանակ հավատում ենք, որ ժամանակն է, որ մենք ազգովի՝ Հայաստան, թե Սփյուռք, բոլոր եկեղեցիներով ու կազմակերպություններով մուտք գործենք իրավական դաշտ», - երեկ իր ուղերձում ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը։
«Մենք պահանջատեր ժողովուրդ ենք, մենք ցեղասպանից պահանջում ենք Ցեղասպանության ճանաչում, միաժամանակ մենք պահանջում ենք մեր իրավունքները, և այդ իրավունքներից է եկեղեցապատկան և ազգապատկան կալվածքների վերադարձը։ Այս ուղղությամբ Սիսի կաթողիկոսարանի թագը ես համարում եմ առաջին և վճռական հանգրվանը», - ընդգծել է Արամ առաջինը: