Երեկ Վիեննա ժամանած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կենտրոնակայանում մասնակցել է Միջուկային անվտանգության հարցերով միջազգային նախարարական համաժողովին, որին ներկա էին ԱԷՄԳ 140 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ։
Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Նալբանդյանը ելույթ է ունեցել բարձրաստիճան հանդիպմանը` մասնավորապես ասելով. - «Հայաստանը լիովին աջակցում է այն էական դերակատարությանը, որը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը խաղում է համաշխարհային միջուկային անվտանգության համակարգում, և այս կառույցի առաջնորդող դերին` անդամ պետությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և նախաձեռնությունների միջուկային անվտանգության հետ կապված գործողությունների համադրման և համակարգման գործում: Հայաստանը մեծապես կարևորում է միջուկային անվտանգության ամրապնդումը և՛ ազգային, և՛ միջազգային մակարդակներում` միջազգային իրավական փաստաթղթերի վավերացման և իրականացման, ինչպես նաև այս առումով կենսունակ ազգային օրենսդրության հաստատման միջոցով: <...> Հայաստանն ամբողջությամբ իրագործում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1540 բանաձևով ստանձնած իր միջազգային պարտավորությունները»:
«Մենք ակտիվ ներգրավված ենք նաև միջուկային չտարածման դեմ այնպիսի նախաձեռնություններում, ինչպիսիք են Միջուկային ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ ծրագիրը և Տարածման անվտանգության նախաձեռնությունը: Հայաստանի կառավարությունը շարունակաբար աշխատում է իր միջազգային գործընկերների հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում՝ միջուկային մաքսանենգության դեմ պայքարում իր ազգային կարողություններն է՛լ ավելի ամրապնդելու համար», - ասել է նախարարը՝ շարունակելով․ - «Միջուկային էներգիային առնչվող բոլոր խնդիրների շուրջ Հայաստանը սերտորեն և կանոնավոր համագործակցություն է ծավալել ԱԷՄԳ-ի և համապատասխան այլ միջազգային կազմակերպությունների ու գործընկեր երկրների հետ: Հայկական ատոմակայանի անվտանգությունը մշտապես գերազանց ցուցանիշներ է գրանցել: Հայաստանի կառավարության` Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու որոշումը կայացվել է Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության և մեր միջազգային գործընկերների հետ համապարփակ խորհրդակցությունների արդյունքում՝ ատոմակայանի անվտանգության ապահովման հստակ շեշտադրմամբ: Մասնավորապես, ԱԷՄԳ բազմաթիվ տեսչական ստուգումները և գնահատման առաքելությունները վերահաստատել են Հայաստանի՝ իր ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելու հանձնառությունը, և հրապարակայնության ու թափանցիկության ամենաբարձր մակարդակը: Միջազգային պայմանագրերի պահանջներին անհամապատասխանություն կամ շեղում չի արձանագրվել»:
«Այս համատեքստում ցավալի է, որ որոշ անդամ պետություններ, մասնավորապես՝ Ադրբեջանը և Թուրքիան անհարգալի վերաբերմունք դրսևորելով ԱԷՄԳ-ի, նրա արձանագրած եզրակացությունների նկատմամբ՝ փորձում են միջազգային հարթակները ծառայեցնել իրենց նեղ քաղաքական, քարոզչական նպատակներին՝ Հայաստանի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելու համար: Շարունակաբար շահարկվող այս շինծու մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը», - ընդգծել է Նալբանդյանը:
Միջազգային համաժողովի արդյունքներով ընդունվել է եզրափակիչ հռչակագիր, որում համաժողովի մասնակից երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը միջուկային անվտանգության ամրապնդմանը, միջուկային չտարածմանը և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործմանը: