Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում հիմնավորվել է, որ քաղաքացի Մարիամ Ավագյանը դիտավորյալ գործողություններով խոչընդոտել է ընտրական գործընթացները լուսաբանող Araratnews.am կայքի լրագրող Շողիկ Գալստյանի լիազորությունների իրականացմանը ու դիտավորությամբ պատճառել զգալի չափերի գույքային վնաս, այսօր տեղեկացնում է ՀՔԾ-ը:
Հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է․ - «Քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մարիամ Ավագյանը Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրը (02.10.2016թ.)՝ ժամը 13:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի թիվ 30/47 տեղամասում, նկատելով ընտրական սենյակում և տեղամասում իր գործողությունները բջջային հեռախոսով տեսաձայնագրող` ընտրական գործընթացները լուսաբանող զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ հանդիսացող լրագրող Շողիկ Գալստյանին, նպատակ ունենալով ոչնչացնել վերջինիս բջջային հեռախոսով կատարված ձայնագրառումները, տեղամասի մուտքի դիմաց մոտեցել է իր մասնագիտական գործառույթներն իրականացնող Շ. Գալստյանին և վերջինիս ձեռքից խլել «Սամսունգ» ապրանքանիշի բջջային հեռախոսը: Մ. Ավագյանը դիտավորությամբ հեռախոսը հարվածել է գետնին և վնասել այն, ինչի արդյունքում հեռախոսը, որպես ընտրական գործընթացը լուսաբանող լրագրողական գործիք, կորցրել է իր նպատակային նշանակությունը, իսկ լրագրողին դիտավորությամբ պատճառվել է 200.000 ՀՀ դրամի գույքային վնաս»:
Հիշյալ հանցագործությունները կատարելու համար Մարիամ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 149-րդ («Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը») հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 1-ին մասով («Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը»), որոնց համակցությամբ նախատեսվող ամենամեղմ պատիժը տուգանքն է՝ նվազագույն աշխատավարձի 200-հարյուրապատիկի չափով, ամենախիստը՝ երկու տարվա ազատազրկումը:
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: