Մատչելիության հղումներ

Տուժած գյուղացիների պնդմամբ, «իշխանությունը պաշտպանում է գողերի շահերը»


Տեսարան՝ Տավուշի մարզից, արխիվ
Տեսարան՝ Տավուշի մարզից, արխիվ

Սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչներն արդեն երկուսուկես տարի է իրենց այրված այգիների համար փոխհատուցում չեն կարողանում ստանալ:

Վերին Կարմիրաղբյուրի բնակիչները պնդում են՝ արդեն երկուսուկես տարի է իրենց այրված այգիների համար փոխհատուցում չեն կարողանում ստանալ։ Ասում են՝ դատական նիստերն անընդհատ հետաձգում են, կասկածյալներն էլ դատարան չեն ներկայանում։ «Էսօր էլ 10 000 դրամ փող ենք ծախսել, եկել ստեղ, էլի դատական նիստ չկա, ու ասեցին հաջորդ նիստն էլ չգիտենք երբ ա, հեռախոսով կասենք։ Հաջորդին էլ կգանք, էլի նիստ չեն կայացնի, որևէ պատճառ կբռնեն»,- «Ազատության» հետ զրույցում դժգոհեց գյուղացիներից մեկը։

Կարմիրաղբյուրցիներ համոզված են՝ 11 հեկտար տարածք զբաղեցնող իրենց այգիներն այրվել են «Եղվարդշին» ընկերության աշխատակիցների անզգուշության պատճառով, ովքեր այնտեղից խողովակներ էին տարել։ Ցանկացել են խողովակներ գողանալ ու այգիներն են այրել, պնդում են կարմրաղբյուրցիները: «Բերդի առաջին ատյանի դատարան, Երևանի վերաքննիչ դատարան, Քանաքեռ-Զեյթուն դատարան, մեկ էլ էլի ստեղ։ Արդեն չորրորդ դատական պրոցեսն ա, ոչ մի բան չեն անում։ Ֆուտբոլի գնդակի նման էս դաշտից էն դաշտ, էն դաշտից էն դաշտ, անգամ հանրապետության նախագահին էլ ենք դիմել անցած տարի։

20-22 րոպե մեր գյուղում խոսացել ենք իրա հետ, ինքն էլ հանձնարարեց իրա օգնականին, բայց իրա օգնականն էլ ա պաշտպանում դրանց շահերը։ Փաստացի գողություն են կատարել, կարամ փաստաթղթերով ապացուցեմ, գողություն են կատարել, և էսօր իշխանությունը պաշտպանում ա էս գողերի շահերը»,- ասում է բնակիչներից մեկն ու շարունակում՝

«Լրիվ օրինական ու անօրինական ճանապարհները փորձել ենք, սա՝ էս գողությունը, «Եղվարդշին»-ը իրանց համար չի կատարել։ Թե որ նախարարի կամ որ մարզպետի համար են էս խողովակները գողանալիս եղել, չգիտեմ..դատավորների, դատախազների վրա էլ են ճնշում գործադրում, մենք երկու տարի ա քաշքշուկների մեջ ենք դատական, բոլորը կարացել ենք հասկանանք։ Մենք սահմանի վրա ապրող ժողովուրդ ենք, փոխանակ մեզ աջակցեն, հանցագործներին են աջակցում»:

Փորձագետի եզրակացության համաձայն՝ քիչ հավանական է, որ հրդեհն առաջանար զոդման աշխատանքների պատճառով։ Գյուղացիների կարծիքով, սակայն, փորձագետին ևս կաշառել են։ Ի դեպ՝ փորձագետ Ազիզյանը լրագրողների հարցերին հրաժարվեց պատասխանել, ասաց՝ իր եզրակացությունները միայն դատարանին կարող է ներկայացնել։ «Կաշառվելով՝ կեղծ եզրակացություն ա տվել, որ չգիտի ինչից ա: Երկու տարի անցել ա, չի կարա իմանա ինչից ա հրդեհն առաջացել ու բացի այդ գրել ա՝ քիչ հավանական է, որ հրդեհն առաջացած լինի սվարչիկի կողմից»,- շարունակում են բողոքել կարմիրաղբյուրցիները:

Գյուղացիները պնդում են, որ միլիոնավոր դրամների կորուստ են ունեցել. ոչ միայն այդ, նաև հաջորդ տարիներին էլ բերք չեն ստացել ու մինչ օրս միայն պարտքեր են կուտակում։ Այրվել էին ոչ միայն խաղողի այգիները, այլև կեռասենիներն ու դեղձենիները։ Վազգեն Մանուչարյանն ասում է՝ մի քանի միլիոն դրամի վնաս է կրել։ Հարևանը՝ Ալբերտ Գիժլարյանն էլ խաղողի այգին է կորցրել, որը միայն երկու տարի անց հնարավոր կլինի վերականգնել։ «Խաղողի այգի ա եղել 2000 մետր տարածքով, որ ամեն տարի էդ դաշտից ես հավաքում էի 2.5-3 տոննա խաղող, բայց 100 տոկոսով իմ այգին վառվել ա: Ես փող եմ ծախսել էդքան, հիմա վարկերում, բանկերում էդ տոկոսի տակ թաղված եմ, ու չգիտեմ սրա վերջն ինչ ա լինելու։ Երեխես Ղարաբաղի զինվոր ու ինվալիդ: Ես չգիտեմ ինչ ա լինելու սրա վերջը։ Եթե Հայաստանում օերենք չկա, փաստացի օրենք չկա..․»:

«Եղվարդշին» ընկերության տնօրեն Սամվել Վարդանյանը մեղադրանքների հետ համաձայն չէ, ասում է՝ հրդեհը բռնկվել է շինարարական աշխատանքներից 80-100 մետր հեռավորության վրա։ Իր աշխատակիցները դեպքի հետ այնքանով են կապ ունեցել, որ օգնել են մարել այն՝ պնդում է Վարդանյանը: Տնօրենն ասում է՝ թեև մեղավոր չեն եղել, բայց ընկերությունը շուրջ երկու տասնյակ գյուղացիների փոխհատուցում է տրամադրել: Իրականում, վնասված տարածքները շատ ավելի քիչ են՝ պնդում է Սամվել Վարդանյանը։

Իսկ գյուղացիները որոշել են դատական նիստերին այլևս չսպասել ու իրենց բողոքը շարունակել արդեն նախագահի նստավայրի մոտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG