Ֆրանսիայում 2017 թվականի ապրիլի 23-ին և մայիսի 4-ին տեղի կունենան նախագահական ընտրություններ: Քաղաքական աննախադեպ ցածր վարկանիշ ունեցող նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ հեռուստաուղերձով դիմելով հայրենակիցներին՝ ասել է, որ չի փորձելու վերընտրվել:
«Իշխանությունը, գործադիր վճիռներ կայացնելու ազատությունը, իշխանական վերին ատյաններում գտնվելու արտոնությունը երբեք չեն սահմանափակել ինձ՝ սթափ գնահատելու իրավիճակը: Այսօր ես գիտակցում եմ վտանգները, որոնք ի հայտ կգան, եթե ես առաջադրվեմ՝ թիկունքումս չունենալով ինձ սատարողների մեծ թիվ: Ուստի, ես որոշել եմ չպայքարել վերընտրվելու համար»,- ասել է Օլանդը:
Ինչո՞ւ է ցածր Օլանդի վարկանիշը: Բազում հանգամանքներ են նշվում, Եվրոպայում լուրջ խնդիրներ են առաջացել՝ միգրանտների ներհոսք, Եվրամիության նկատմամբ անվստահության աճ, ինչի գագաթնակետը դարձավ բրիտանացիների «Brexit»-ը: Մի շարք երկրներում կան լիդերներ, ովքեր առաջնորդվելով բացահայտ ազգայնական օրակարգով և կոնկրետ տնտեսական շահով՝ հորդորում են ներել ռուսներին Ղրիմի հարցում և հրաժարվել պատժամիջոցներից:
Եվրամիության միասնության և Տրանս-Ատլանտյան ամուր կապի ջատագովներ՝ Ֆրանսուա Օլանդի և Անգելա Մերկելի համար հիմա դժվար օրեր են:
Բացի այդ, Օլանդի նախագահության օրոք Ֆրանսիայում տեղի են ունեցել ահաբեկչական աննախադեպ հարձակումներ, ինչին Ելիսեյան պալատն արձագանքել է արտակարգ դրություն մտցնելով և տարբեր կոշտ միջոցներով, սակայն, չնայած դրան, շարքային ընտրողի կարծիքով, իշխանությունը թերացել է վտանգները կանխելու գործում:
Հանրապետականների ճամբարում արդեն ամեն բան հստակ է: Փրայմերիզներում (ներկուսակցական նախաընտրություններ) ցածր արդյունք գրանցելուց հետո նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին նոյեմբերի 20-ին ևս հայտարարել է ընտրարշավը դադարեցնելու և քաղաքականությունից հեռանալու մասին:
Նախկին երկու վարչապետերի՝ Ֆրանսուա Ֆիյոնի և Ալեն Ժյուպեի պայքարում հաղթել է Ֆիյոնը: Իսկ սոցիալիստների ճամբարում անորոշություն է: Սոցիալիստների փրայմերիզները նախատեսված են 2017-ի հունվարին:
Գալիք տարվա ընտրություններում հզոր դիրքեր ունի «Ազգային ճակատ»-ի առաջնորդ Մարին Լե Պենը, ով, ըստ մեծ թվով փորձագետների, ամենայն հավանականությամբ կանցնի երկրորդ փուլ: Այսօր նա արդեն արձագանքել է Օլանդի որոշմանը:
«Օլանդը խիզախ որոշո՞ւմ է ընդունել, ի՞նչ խիզախություն, նա ընտրվելու շանս չուներ, նա կարող էր միայն հայտնել չմասնակցելու մասին, ուստի, սա ոչ թե խիզախության, այլ սթափության հարց է»,- ասել է Լե Պենը:
Ո՞վ է ի զորու կանխել ազգայնական գաղափարներ դավանող Լե Պենի հաղթանակը՝ սոցիալիստնե՞րը, թե հանրապետականները: Այս հարցի պատասխանը կարևոր նշանակություն կունենա ոչ միայն ֆրանսիացիների, այլև Եվրոպական միության համար:
Հայաստանի հետ ավանդաբար բարեկամական հարաբերություններ պահպանող Ֆրանսիայում անցած ավելի քան երկու տասնամյակում նախագահել են Ժակ Շիրակը, Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը: Երեքն էլ տարբեր տարիներին ոչ միայն ընդունել են Հայաստանի ղեկավարներին, այլև այցելել են Հայաստան: