Մատչելիության հղումներ

Զբոսաշրջության պետկոմիտեի ղեկավար․ 2017-ի գլխավոր խնդիրը Հայաստանը ճանաչելի դարձնելն է


Ծաղկաձորի ճոպանուղին
Ծաղկաձորի ճոպանուղին

Զարմինե Զեյթունցյանի խոսքով, հարևան երկրների հետ պետք է ոչ թե համեմատվել, այլ «տարբերվել նրանցից»։

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը խոստովանում է՝ ներգնա տուրիզմը Հայաստանում այնքան էլ զարգացած չէ ու այս սեզոնին, այսպես ասած՝ ձմեռային զբոսաշրջիկները, ովքեր մարզեր են մեկնում հանգստանալու և դահուկ քշելու համար, շատ չեն։ Կոմիտեի ղեկավարը վիճակագրությանը թեև հետևում է, սակայն, խուսափում է հստակ թվեր նշել։ Ասում է՝ հստակ չէ նաև արտասահմանից եկող զբոսաշրջիկների թիվը։

«Վիճակագրույունը միայն մարդաքանակը չէ, շատ կարևոր է դրա դեմոգրաֆիկ և էսպես ասած՝ թիրախային պատկերը, ինչ նպատակով է եկել և այլն․․․այս պահին այդպիսի խորը վիճակագրություն գոյություն չունի», - ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը:

Նրա խոսքով՝ 2017-ին իրենց գլխավոր խնդիրն է լինելու Հայաստանը ճանաչելի դարձնելը։ Հայաստանը պետք է գովազդել, ասում է Զարմինե Զեյթունցյանն ու հավելում՝ «Առաջին, էսպես ասած՝ պահանջը կամ սպասելիքը, որ մեզանից ունի մասնավոր սեկտորը, հիմնականում սա է. մենք զբոսաշրջիկ կբերենք, փաթեթները կպատրաստենք: Մենք միայն ուզում ենք, որ Հայաստան ասելիս՝ աչքերը չկկոցեն ու չհասկանան՝ ու՞ր է Հայաստանը և ի՞նչ է Հայաստանը»:

Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, ապա, ըստ Զեյթունցյանի, հյուրանոցների ու հանգստյան տների գներն իրենց էլ են զարմացնում, հատկապես այն դեպքերում, երբ դրանք ամբողջ տարվա ընթացքում փոփոխություն չեն կրում։ Մասնավորին չեն կարող պարտադրել, որպեսզի գին իջեցնեն, բայց, պաշտոնյայի խոսքով, պատրաստ են նրանց հետ բանակցել:

Տուրիստական ընկերություններից փորձեցինք հետաքրքրվել, թե երկու հոգու մեկօրյա հանգիստը որքան կարժենա, ասենք՝ Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցներում։ Մեզ տրված պատասխաններից պարզ դարձավ, որ այդ գինը տատանվում է 50 դոլարի շրջանակներում: Եթե Ծաղկաձորում մեկօրյա հանգիստը մոտ 50 դոլար արժե, ապա, օրինակ, հարևան Վրաստանում՝ Բակուրիանի քաղաքում, նման ծառայություններ կարելի է ստանալ մեկ օրվա համար 30-40 դոլար վճարելով։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնակատարը, սակայն, համարում է, որ հարևան երկրների հետ պետք է ոչ թե համեմատվել, այլ տարբերվել նրանցից՝ «Միշտ չէ, որ մատչելի ապրանքն ավելի գրավիչ է, նայած, թե ինչ ենք առաջարկում: Այս պահին կարող եմ ասել, որ այդ ինֆորմացիան մի քիչ չափազանցված է․․․»:

«Շիրակ Տուրս» ընկերության տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանի խոսքով՝ ձմռանը մատչելի գներով Հայաստանում հանգստանալն անհնար բան չէ: Ասում է՝ Ծաղկաձորից բացի դահուկ կարելի է քշել նաև Սեպասար գյուղում: Շիրակ գնացողներին տուրիստական ընկերության ղեկավարը խոստանում է նաև Ձմեռ պապի հետ ծանոթացնել։ «Պարզվում է, որ հայ ձմեռ պապը Ցուրտավ լեռան վրա է, Արփի լեռան տարածքում»,- ասում է ընկերության տնօրենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG