Մատչելիության հղումներ

Ըստ օմբուդսմենի, «Փոքր Մհեր»-ում մտահոգիչ խնդիրներ կան


Մարդու իրավունքների պաշտպանը Արման Թաթոյան, արխիվ
Մարդու իրավունքների պաշտպանը Արման Թաթոյան, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մտահոգված է «Փոքր Մհեր» կրթահամալիրում տիրող իրավիճակով։

Նա այսօր, լրագրողների հետ զրույցում, ասաց, որ երեկ ՄԻՊ աշխատակիցների` կրթահամալիր կատարած այցից հետո հասկացել են, որ պատանիների դոժգոհությունն առանց առիթի չի եղել։

Ըստ օմբուդսմենի, ուսումնական հաստատությունում կան մտահոգիչ խնդիրներ, որոնք վերաբերում են ոչ միայն աշակերտների նկատմամբ վերաբերմունքին։ «Խոսքը գնում է կրթահամալիրի գործունեությանն առանչվող իրավական ակտերին։ Մանրամասն պետք է ուսումնասիրվի՝ վեր հանելու համար սաների իրավունքների ապահովման տեսանկյունից խնդրահարույց դրույթները, որովհետև այդպիսիք կան, մենք դրանք վեր հանել ենք և դրանց փոփոխությանն ուղղված հիմնարար առաջարկներ ենք ներկայացնելու» - ասաց Թաթոյանը՝ նշելով, որ այդ հարցում իրենք աշխատում են կրթության և գիտության նախարարության հետ։

Եթե իրավիճակը շարունակի այսպես մնալ, ապա, ըստ օմբուդսմենի, շատ ավելի մեծ խնդիրների կհանգեցնի։ Պաշտպանի խոսքով՝ պետք է հիմնարար փոփոխություններ կատարել։

Հիշեցնենք, որ օրեր առաջ կրթահամալիրի 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտները բողոքի ակցիա էին անցկացրել՝ պահանջելով տնօրեն Վահագն Յաղմուրյանի հրաժարականը։

Աշակերտները պնդում էին, որ մեկ ամիս առաջ նշանակված տնօրենն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում, վիրավորում ու փորձում է վախեցնել իրենց։ Մինչդեռ անձամբ տնօորենը՝ Վահագն Յաղմուրյանը հերքում է մեղադրանքները՝ նշելով, որ աշակերտներին չի վիրավորել, իսկ խստությունը դրսևորվել է սահմանված կարգ ու կանոնի շրջանակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG