Մատչելիության հղումներ

ՔԿ․ Արաբկիրում ավազակային հարձակումը բացահայտվել է, երկու անձի մեղադրանք է առաջադրվել


Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Արաբկիրում տեղի ունեցած ավազակային հարձակման հանգամանքները, երկու անձի առաջադրվել է մեղադրանք, հաղորդում է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նոյեմբերի 23-ին ահազանգ էր ստացվել Արաբկիրում գտնվող առանձնատներից մեկի բնակիչների նկատմամբ իրականացված ավազակային հարձակման վերաբերյալ։ Ստացված հաղորդման հիման վրա Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, մշակվել է քննչական պլան և ձեռնարկվել են անհետաձգելի քննչական գործողություններ։ Արդյունքում` պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, անհատականացվել են նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, ասված է հաղորդագրությունում:

«Նախնական քննության տվյալներով՝ սույն թվականի նոյեմբերի 23-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, երկու դիմակավորված անձինք, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, ապօրինի մուտք են գործել Արաբկիր վարչական շրջանի առանձնատներից մեկը և որպես զենք օգտագործվող ատրճանակի նմանվող առարկայի, ինչպես նաև դանակի գործադրմամբ սպառնացել բռնություն գործադրել տանը գտնվող բնակիչների նկատմամբ։ Ընտանիքի անդամները փորձել են դիմադրություն ցույց տալ, որի ժամանակ առերևույթ հանցագործություն կատարած անձանցից մեկը դանակով հարվածել է տանը գտնվող տղամարդու ոտքին, սակայն վերջինիս քրոջը հաջողվել է պատուհանի մոտ վազել և օգնություն կանչել։ Արդյունքում՝ տուն ներխուժած անձինք դիմել են փախուստի», - փոխանցում է Քննչական կոմիտեն: - «Ձեռնարկված քննչական-օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը. նրանցից մեկը 23 տարեկան երիտասարդ է, իսկ մյուսը՝ 19 տարեկան»:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով («ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ», ինչի համար սահմանված է 4-ից մինչև 8 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG