Մատչելիության հղումներ

ՔԿ. Ամուսնու կողմից փողոցում բռնության ենթարկված կինը ճանաչվել է տուժող


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ամուսնու կողմից կնոջը փողոցում ծեծի ենթարկելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

«Դեպքի վերաբերյալ տուժած կնոջից ոստիկանությունում ստացված հաղորդման հիման վրա 2016 թվականի նոյեմբերի 28-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի [ծեծը] հատկանիշներով և նախաքննության համար գործն ուղարկվել Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Քննիչը քրեական գործն ընդունել է վարույթ ու անմիջապես ձեռնարկել անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար: Կինը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ», - ասված է հաղորդագրությունում։

Կոմիտեն նշում է, որ ամուսինը հրաժարվել է ցուցմունք տալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

«Քննությամբ նախնական տվյալներ են ձեռք բերվել՝ ամուսինների միջև վիճաբանության պատճառների մասին, որոնք հրապարակման ենթակա չեն՝ նկատի ունենալով, որ դրանք պարունակում են անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ. Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունք։ Կնոջ նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն», - հայտնում է կոմիտեն՝ նշելով, որ նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG