Մատչելիության հղումներ

Ազատամարտիկի մահվան մեջ մեղադրվող «Ջունգլ» մականունով հայտնի Գևորգ Սարգսյանը, ըստ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի, երկու օր առաջ, փողոցի կենտրոնում իր կնոջն է ծեծի ենթարկել:

Իրավապաշտպանը պատահաբար փողոցում նկատելով դեպքն, այն հեռախոսով տեսագրել է։

Միջադեպի ականատես Զարուհի Հովհաննիսյանն «Ազատության» հետ զրույցում պատմեց՝ տեսնելով ճանապարհին ընկած կնոջը, մոտեցել ու փորձել է ամուսնու բռունցքներից փրկել նրան: Իրավապաշտպանն ասաց, որ ամուսինը դաժանորեն հարվածներ էր հասցնում, պոկում գետնին ընկած կնոջ մազերը և այդ ամենն անցորդների աչքի առջև:

«Երկու կարևորագույն խնդիր եմ տեսնում այստեղ, մեկը՝ դատաիրավական համակարգն է, որը պատժի չի ենթարկում հանցագործներին, և երկրորդը՝ հասարակության անտարբերությունն է. շուրջ 20 րոպե կնոջը սարսափելի իրավիճակում քաշքշում, հարվածում են մարմնի տարբեր հատվածներին, մազերից քարշ են տալիս ասֆալտին, և անցորդներն ուղղակի դիտում են դա ինչպես մի մարտաֆիլմ ուղղակի», - ասաց Հովհաննիսյանը։

Երկու տարի առաջ իր տան բակում ծեծի ենթարկված, այնուհետև հիվանդանոցում մահացած 54-ամյա ազատամարտիկ Վարդան Թումանյանի գործով դատական նիստերը դեռ ընթանում են: Թեպետ իրավապահները պնդում են, որ տղամարդու մահը վրա է հասել ոչ թե ծեծի, այլ կաթվածի հետևանքով, ազատամարտիկի կինը՝ Տատյանա Մելքումյանը վստահ է, որ ամուսնուն ծեծելով սպանել է «Ջունգլ» մականունով հայտնի Գևորգը:

Տիկին Տատյանայի խոսքով, եթե գլխավոր մեղադրյալին՝ Գևորգին, ժամանակին կալանավորած լինեին, ապա նա այսօր կնոջը բռնության չէր ենթարկի։

«Այ, որ ժամանակին՝ տարիներ առաջ... մինչև իմ ամուսնու սպանությունն ինքն այնքան հանցագործություններ է կատարել։ Ինքն ասում էր՝ «նայի, տիկին Տանյա, վախեցի, վերև նայի»։ Երբ, որ ես հարցրեցի՝ «վերևը ո՞ւմ նկատի ունես, քո վերևներից ես չեմ վախենում»։ Ինքն արդեն համոզված էր, որ ինքն անպատժելի է», - ասաց Տատյանան։

Գևորգ Սարգսյանի կինը՝ Հասմիկ Մնացականյանն «Ազատության»-ը պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել իր ծննդյան օրը, հերթական վեճից հետո ինքն ամուսնուն ասել է, որ ընդմիշտ հեռանում է:

Երկու անչափահաս որդիների մայրն ասաց, որ շուրջ տասը տարվա համատեղ կյանքի ընթացքում ամուսինը միշտ ծեծել է իրեն: Նրա փոխանցմամբ, այդ օրն ինքը հաղորդում է տվել ոստիկանություն և որոշել է այլևս չվերադառնալ ամուսնու մոտ։

«Առավոտյան տան մեջ առաջացել էր ինչ-որ անիմաստ խոսակցություն, վիճել էինք, ինքը ձեռքերին արտոնություն էր տվել, վիճեցինք և ես ասացի, որ հեռանում եմ տանից ու դրանից հետո ինքը հայտնվեց այնտեղ, որ ինձ բռնի ուժով տանի տուն, չգիտեմ...», - պատմեց Գևորգի կինը։

Գևորգ Սարգսյանին հանդիպեցինք վերակենդանացման բաժանմունքում: Նա ասաց, որ միջադեպից հետո որոշել էր քաղաքից դուրս գնալ ու կնոջ տարեդարձը նշել առանց նրա, քանի որ վերջինս հրաժարվել էր քաղաքից դուրս գնալ։

Գևորգն ասաց, որ ճանապարհին անծանոթների հետ միջադեպ է տեղի ունեցել ու դանակահարել են իրեն: Թե ովքե՞ր են դանակահարել ու ինչո՞ւ, նա ասաց, որ ոչինչ չի հիշում։

Գևորգը հրաժարվեց տեսանկարահանվել, բայց միայն ձայնագրվելու պայմանով ասաց, թե կնոջը չի ծեծել, ուղղակի կծել է: «Մատով չեմ կպել, մենակ կծել եմ, այն էլ որ էդքան մարդիկ կային, ջղայնացել էի արդեն, որ էդքան մարդիկ տեսել են, ասի մի քիչ կծեմ, որ ձեռքը թողնի էն էլ էթում էր», - պատմեց Գևորգը։

Դիտարկմանը թե ազատամարտիկի կինն էլ ասում էր, որ Դուք էք սպանել իր ամուսնուն և եթե Դուք այսօր անազատության մեջ լինեիք Ձեր կնոջը չէիք ծեծի, Գևորգ Սարգսյանն այսպես արձագանքեց. - «Մեր երկրում հնարավոր է մեկը սպանի ինչ-որ մեկին ու կարանա ազատվի, տենց բան չկա, ես էլ ո՛չ օլիգարխ եմ, ո՛չ էլ՝ եսիմ ինչ, իմ ապրելակերպը սաղ տենում են»։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից «Ազատության»-ն ասացին, որ վիրահատությունից հետո նա փախուստի է դիմել, բայց ոստիկանները կրկին վերադարձրել են բաժանմունք: Կենտրոնի փոխանցմամբ, նրա կյանքին վտանգ չի սպառնում, վնասվածքը բարդ չէ։

Ոստիկանությունից փոխանցեցին, որ նյութեր են նախապատրաստվել և ուղարկվել Քննչական կոմիտե:

ՄԱԿ-ի գրասենյակն այսօր դատապարտել է Երևանում կանանց դեմ բռնության վերջին դեպքերը։ Օրեր առաջ, հիշեցնենք, 37-ամյա կինն էր մահացու հարված ստացել ընկերոջ կողմից:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կոչ է անում իր գործընկերներին, Հայաստանի կառավարությանը և Ազգային ժողովին՝ որքան հնարավոր է շուտ կյանքի կոչել ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը՝ որպես իրավական պաշտպանության մեխանիզմ:

XS
SM
MD
LG