Մատչելիության հղումներ

Ֆրանսիան 20 մլն դոլարի վարկ է տրամադրում հայաստանյան բանկին


Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիե, արխիվ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիե, արխիվ

«Պրոպարկո» ընկերությունը՝ Ֆրանսիական զարգացման գործակալության դուստր ձեռնարկությունը, որն իր գործունեությունն է ծավալում մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ, և «Ամերիաբանկ»-ը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի ներկայությամբ, այսօր կնքել են 20 միլիոն դոլարի վարկային պայմանագիր:

Տրամադրված ֆինանսավորման գումարը նախատեսվում է ուղղել Հայաստանում էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության, սննդի վերամշակման, կրթության և առողջապահության ոլորտներում գործարարության աջակցության, տնտեսական աճի խթանման և աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից կենսական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացմանը: Ճկուն պայմաններով երկարաժամկետ ֆինանսավորումը կնպաստի երկրում գործարարության աճին և ընդլայնմանը, ինչպես նաև տեղական և արտահանման շուկաներում հայկական ընկերությունների մրցունակության բարձրացմանը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ սա «Ամերիաբանկ»-ի և «Պրոպարկո» ընկերության միջև կնքված երկրորդ գործարքն է: «Պրոպարկո»-ի առաջին ֆինանսական ներդրումը Հայաստանում կատարվել է դեռևս 2013 թվականին, երբ ընկերության և «Ամերիաբանկ»-ի միջև կնքվել է 15 մլն դոլարի վարկային պայմանագիր՝ փոքր և միջին ձեռնարկությունների, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկայի ոլորտների ֆինանսավորման նպատակով:

«20 միլիոն ԱՄՆ դոլարի չափով այս նոր վարկը «Ամերիաբանկ»-ին թույլ կտա ընդլայնել վերականգնվող էներգետիկայի ոլորտում իր նախագծերի պորտֆելը և խթանել բանկի աճը բնակարանաշինության, գյուղատնտեսության, առողջապահության և կրթության վարկավորման բնագավառներում: Նշված հատվածներին աջակցելը հստակ կերպով ամրագրված է «Պրոպարկո» ընկերության և Ֆրանսիական զարգացման գործակալության քաղաքականությամբ», - նշել է «Պրոպարկո»-ի ֆինանսական հաստատությունների գծով ղեկավար Գիյոմ Բարբրուսը:

«Ամերիաբանկ»-ը շատ բարձր է գնահատում «Պրոպարկո» ընկերության հետ համագործակցությունը: Այս երկրորդ վարկային պայմանագիրը, որի գումարն ավելի մեծ է, միանշանակ կընդլայնի մեր համագործակցության շրջանակները՝ ծառայելով տարբեր ոլորտներ ներկայացնող մեր հաճախորդների շահերին: Կարծում ենք, որ սա նշանակալի օր է Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործարար հարաբերությունների հաստատման տեսանկյունից: Այս պայմանագիրը որպես լուրջ հիմք կծառայի Հայաստանի տնտեսության առանցքային ենթակառուցվածքներում «Ամերիաբանկ»-ի վարկային պորտֆելի դիվերսիֆիկացման համար», - նշել է «Ամերիաբանկ»-ի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG