Մատչելիության հղումներ

Լուկաշենկո. Ադրբեջանը Բելառուսին կարող է համարել իր ամենամտերիմ բարեկամը


Լուկաշենկո-Ալիև հանդիպումը Բաքվում, 28-ը նոյեմբերի, 2016թ.
Լուկաշենկո-Ալիև հանդիպումը Բաքվում, 28-ը նոյեմբերի, 2016թ.

Մեկօրյա պաշտոնական այցով Ադրբեջանի մայրաքաղաք այցելած Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր առաջին հայտարարությամբ վստահեցրել է՝ Ադրբեջանը Բելառուսին կարող է համարել իր ամենամտերիմ բարեկամը։

Նախօրեին պաշտոնական այցով Բաքու ժամանած Լուկաշենկոն Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո անմիջապես ուղևորվել է Իլհամ Ալիևի «Զագուլբա» կոչվող նստավայր, որտեղ երկու նախագահները դեմ առ դեմ ձևաչափով բանակցություններ են անցկացրել։

«Դուք կարող եք մեզ վրա՝ ինչպես ձեր ամենամտերիմ ընկերների, հույս դնել։ Եթե մենք կարողանանք ինչ-որ բանով օգտակար լինել Ադրբեջանին, ապա դա անպայման կանենք։ Մեր հնարավորությունները լավ գիտեք, դուք Բելառուսի մեծ բարեկամն եք», - Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի հետ նույն տնտեսական և ռազմական դաշինքներին անդամակցող Բելառուսի նախագահը և հավելել. - «Մենք փակ թեմաներ չունենք, համագործակցում ենք բոլոր ուղղություններով և շարունակելու ենք նույն կերպ։ Մենք մեր համագործակցությամբ որևէ մեկին չենք վնասում, մենք բաց ենք և կշարունակենք լինել բաց, մեր իրականության ամենաարդիական հարցերը քննարկելիս էլ հրապարակային ենք»։

Բելառուսի ղեկավարը Բաքու է ժամանել ադրբեջանական նավթի մատակարարման հարցը, երկու երկրների ռազմաարդյունաբերական համալիրների համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։ Բացի այդ, Բելառուսը ցանկանում է Ադրբեջանից վարկ ստանալ:

Թեև նախօրեին տեղի ունեցած հանդիպումների մասին բաց աղբյուրներում առայժմ չի խոսվում, սակայն փորձագետները Լուկաշենկոյի ադրբեջանական այցը պայմանավորում են Բելառուսում ի հայտ եկած ֆինանսական խնդիրներով։

Պաշտոնական Մինսկը Եվրահանձնաժողովին և Արժույթի միջազգային հիմնադրամին է դիմել վարկ տրամադրելու խնդրանքով, սակայն չի բացառվում, որ երկու կառույցներն էլ նախապայմաններ ներկայացնեն, այդ թվում՝ ներքին քաղաքականության վերաբերյալ, ինչին էլ Բելառուսը կարող է չհամաձայնել։

Արդարացան Լուկաշենկոյի սպասելիքները, թե ոչ՝ առայժմ չի հստակեցվում: Բայց կողմերը պայմանավորվել են հնարավորինս խորացնել երկու երկրների համագործակցությունը։

«Մեր հանդիպումները պարբերական բնույթ են կրում, և դա խոսում է այն մասին, որ մեր երկրների հարաբերությունները ամենամտերիմ և բարեկամական են։ Մենք տրամադրված ենք շարունակելու Բելառուսի հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով», - իր հերթին նախօրեին հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Ալիև-Լուկաշենկո բանակցություններում չի շրջանցվել նաև ղարաբաղյան հակամարտության հարցը։

«Բելառուսն ու Ադրբեջանը հանդես են գալիս ղարաբաղյան հակամարտության՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան կարգավորման օգտին՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և պետությունների սահմանների անքակտելիության սկզբունքների հիման վրա», - ասվում է երկու երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունում:

Մինչ «Զագուլբա» նստավայրում Ալիևն ու Լուկաշենկոն բանակցում էին բելառուսա-ադրբեջանական հետագա համագործակցության շուրջ, երկօրյա աշխատանքային այցով Երևան ժամանեց Բելառուսի զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ, գեներալ-մայոր Գենադի Կազլովսկու գլխավորած պատվիրակությունը։

Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ, բելառուսական զինված ուժերի պատվիրակությունը Հայաստանում մասնակցելու է ռազմական հարցերով աշխատանքային հանդիպման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG