Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպումներ է ունենում Ռուսաստանում


ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան, արխիվ
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան, արխիվ

Շարունակվում է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջին արտասահմանյան այցը Ռուսաստան։

Այսօր առավոտյան Ռոստովի մարզում Վիգեն Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի հրամանատարության, ինչպես նաև Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևի հետ։

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար այժմ Մոսկվայում է, որտեղ հանդիպում է իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ։

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ նորանշանակ նախարարը զենքի մատակարարման մասին նոր պայմանավորվածություններ ձեռք բերի, պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը արձագանքեց․ - «Ես չեմ կարող Ձեր հարցին սպառիչ պատասխան տալ, որովհետև իհարկե լինելու են շատ ու շատ պայմանավորվածություններ, բայց դրանք բոլորը չէ, որ կմեկնաբանվեն և ենթակա են լուսաբանման, մեկնաբանության։ Ռազմական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ շատ ավելի խորն է, բազմավեկտոր է, և Ռուսաստանը շարունակում է մնալ մեր ռազմավարական դաշնակիցը»։

Ռուսաստանցի ռազմական հարցերով փորձագետ, ԱՊՀ ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևը համարում է, որ Ռուսաստանը պետք է կատարի դաշնակցի իր պարտականությունները և Ղարաբաղում ուժերի բալանսը վերականգնելու համար հավելյալ սպառազինություն մատակարարի Հայաստանին՝ առաջին հերթին անօդաչու սարքեր։

«Հավասարակշռությունը տարածաշրջանում դեռ չի վերականգնվել։ Որոշ առումով որակական իմաստով վերականգնվել է, այն էլ ոչ մինչև վերջ։ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանը նախևառաջ անօդաչու սարքերի պահանջ ունի։ Ես կարծում եմ, որ զենքի շուրջ բանակցություններ այսօր Մոսկվայի և Երևանի միջև ընթանում են», - ասաց ռուսաստանցի փորձագետ՝ հավելելով, որ ամեն դեպքում նախաձեռնողն այս հարցում պետք է հայկական կողմը լինի։

Այցի նախօրեին ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հարցին՝ պատահականությո՞ւն, թե՞ օրինաչափություն է, որ նորանշանակ նախարարն իր առաջին այցը արտերկիր կատարում է Ռուսաստան, Սարգսյանը պատասխանել է, որ, իհարկե, օրինաչափություն է։

Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, այսօր պետք է ստորագրվի Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միջև միջպետական միացյալ զորամիավորման մասին համաձայնագիրը և 2017 թվականին պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության ծրագիրը:

Հայաստանի պաշտպանության նախարարն «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ընդգծել էր, որ հայ-ռուսական միացյալ զորամիավորում իրականում գործում է Հայաստանում դեռևս 2000 թվականից, և դրա իրավական հիմք է հանդիսանում, ըստ Վիգեն Սարգսյանի, 2000 թվականի սեպտեմբերի 27-ին Սոչիում ստորագրված զորքերի կիրառման համատեղ պլանավորման մասին համաձայնագիրը։ Փաստաթուղթը նախատեսում էր նման միասնական զորախումբ ստեղծելը, և երկու երկրների գլխավոր շտաբների ղեկավարների որոշմամբ նման խումբ ստեղծվել էր։ Ինչ վերաբերում է այցի շրջանակում ստորագրվելիք միացյալ զորամիավորման մասին պայմանագրին, այն, Հայաստանի պաշտպանության նախարարի փոխանցմամբ, պարզապես ամրապնդում է նման միավորման իրավական հիմքը։ Բացի այդ, փաստաթուղթը որոշ փոփոխություններ է նախատեսում միավորման գործունեության, նպատակների և ֆինանսավորման հետ կապված հարցերում։

Հայաստանի համար առավել կարևոր է, որ զորամիավորումը գործում է Հայաստանի տարածքում, ընդգծել է Վիգեն Սարգսյանը։ Նրա փոխանցմամբ` միացյալ զորամիավորման հիմնական խնդիրն է «ժամանակին բացահայտել Հայաստանի և Ռուսաստանի դեմ ռազմական հարձակման նախապատրաստությունն ու նպաստել ՀՀ և ՌԴ զինված ուժերի փոխգործակցության ամրապնդմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG