Մատչելիության հղումներ

Հունվարի 1-ից կնվազի գազի սակագինը


Հունվարի 1-ից սպառողների համար կգործեն բնական գազի նվազեցված սակագներ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, այսօր քննարկելով «Գազպրոմ Արմենիա»-ի նոյեմբերի 1-ին կներկայացրած հայտը, միաձայն ընդունեց որոշումը։

Ըստ այդմ՝ սակագների բաշխումը կկատարվի ըստ սոցիալական ու բիզնես խմբերի՝ ներկայումս տարբերակվող 2 սպառողական խմբերի փոխարեն սահմանելով 5-ը։ Առաջինում ընդգրկված կլինեն սոցիալապես անապահով ընտանիքները, նրանց համար տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի 1 խորանարդ մետրի արժեքը կլինի 100 դրամ։ Երկրորդ խմբում կներառվեն այն քաղաքացիները, որոնք ամսական սպաոռւմ են մինչև 10 հազար խորանարդ մետր: Նրանք ներկայումս գործող 146.7 դրամի փոխարեն հունվարի 1-ից կվճարեն 139 դրամ։ Երրորդ խմբում ամսական 10 հազար խմ և ավելի սպառում ունեցողներն են՝ ներկայիս 137 դրամի փոխարեն 1 խորանարդ մետրի արժեքը նրանց համար կսահմանվի 115.5 դրամ։

Կառավարության որոշմամբ՝ տարբերակված մոտեցում կլինի նաև ջերմոցային և մի շարք վերամշակող ընկերությունների նկատմամբ․ դրանց համար սակագինը կկազմի 102 դրամ:

«Սակագների նվազեցում ա կատարվում, այդ թվում՝ որոշակի գերակա տնտեսության ճյուղերի համար ավելի էական նվազեցում, որտեղ ակնկալվում ա սպառման աճ», - նշեց հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը:

Սակագների նվազեցմամբ «Գազպրոմ Արմենիա»-ի եկամուտները կպակասեն 13 միլիարդ 4 միլիոն դրամով։ Որպես փոխհատուցում «Գազպրոմ»-ը 4 հիմնական գործոն է նշում: Ընկերությունում ակնկալում են, որ ցածր սակագնով կավելանա սպառողների թիվը, նաև մտադիր են օպտիմալացնել սեփական ծախսերը, կրճատել ներդրումները։

Սակայն հիմնական գործոնը Վրաստանով տարանցման գնի հնարավոր նվազեցումն է: Ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանի խոսքով, այժմ բանակցություններ են ընթանում վրացական կողմի հետ․ - «2017 թվականի հունվարի 1-ից ավարտվում է Վրաստանի տարածքով գազի տարանցման վրացական գազատրանսպորտային ընկերության և ռուսական «Գազէքսպորտ» ընկերության միջև կնքված պայմանագիրը, որտեղ ֆիքսված էր կոնկրետ այն 10 տոկոս հասկացողությունը, որ դուք լսեք եք երկար ժամանակ: Ներկայումս փորձում ենք չվճարել տասը տոկոս, այլ ավելի պակաս: Պակաս մասը պետք է գնա և հնարավորություն ստեղծի․․․ այն, ինչ որ մենք արեցինք, որը լինելու է»:

«Ազատության» հարցին՝ եթե նշված միջոցները չբավարարեն ծախսերն, ապա կարո՞ղ է կրկին գազի սակագինը բարձրանալ, Հրանտ Թադևոսյանը վստահեցրեց, թե այդ դեպքում ռուսաստանյան «Գազպրոմ»-ը իր վրա կվերցնի ռիսկերի փոխհատուցման հարցը․ - «Ռիսկային ամբողջ դաշտը վերցրել է «Գազպրոմ Արմենիա»-ն իր վրա, և ոչ մեկի մոտ թող մտավախություն չլինի, թե սա ակնկալելու է հետագայում ինչ-որ հարցերի: Ո՛չ: Մենք այս նվազեցումը, այս գումարների թերհավաքագրումը երբևիցե ծանրաբեռնվածություն հետագայում սպառողի վրա չի լինելու»:

«Ազատություն»-ը «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրենից նաև հետաքրքրվեց՝ եթե չլիներ նոր վարչապետի հանձնարարականը, ապա ընկերությունը կվերանայե՞ր սակագինը։ Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը պաշտոնն ստանձնելուց հետո կառավարության առաջին նիստին հանձնարարել վերանայել գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականությունը:

«Կառավարությունը նախաձեռնել է, միանշանակ կառավարությանը մենք ընդառաջ գնում ենք: Սակայն և՛ ժողովրդի շահերից ա գալի, և՛ կառավարության, և՛ «Գազպրոմ Արմենիայի», - արձագանքեց Թադևոսյանը:

«Գազպրոմ Արմենիա»-ի խոստումներին վերապահումով է վերաբերում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ «Ազատության» հետ զրույցում նա նշեց, որ եթե գազի գնի նվազումն ունենար տնտեսական հիմնավորումներ, ապա տարանջատում չպետք է դրվեր Ռուսաստանում և Հայաստանում սակագների սահմանման մեխանիզմների միջև։

Նա հիշեցնում է 2013 թվականի այն որոշումը, որով 300 միլիոն դոլար պարտքի դիմաց «Գազպրոմ»-ը դարձավ հայաստանյան մասնաճյուղի 100 տոկոս սեփականատեր․ - «Էնտեղ նշված էր, որ գազի գնի սահմանման համար հինք է ընդունվելու Օրենբուրգի մարզի գինը: Եթե այդ հանգամանքը ընդունենք, ուրեմն Հայաստանի Հանրապետությունում այսօր և՛ դոլարային արտահայտությամբ, և՛ ռուսական ռուբլով արտահայտությամբ գազի գինը պետք է երկու, երեք, մինչև չորս անգամ ավելի էժան լիներ»:

Խաչատրյանը նաև շեշտում է՝ համաշխարհային շուկայում վերջին 3 տարիներին գազի գինն նվազել է 2.5 անգամ, բայց հայաստանյան սպառողը դա չի զգացել։ Տնտեսագետը չի հասկանում, թե ինչ հիմքով է «Գազպրոմ»-ը նման քայլի գնում, եթե 2015 թվականին ընկերությունն աշխատել է վնասով։ Նրա խոսքով, այս նվազեցման հիմքում քաղաքական նպատակներն են․ - «Էդ բարեգործությունները ի վերջո բարդվում են մեր գլխին: Հունիս ամսին էկող տարվա ինքը կդիմի բարձրացնելու: Կամ եթե նույնիսկ հունիսին չդիմի, եթե նախագահական ընտրությունները կարևոր համարեն, դա կարող է հունվարը լինել: Կախված կլինեն, թե ապրիլին ինչպիսի ընտրություններ կունենանք»:

Խաչատրյանը փոխանցեց, որ իրենք անգամ հաշվարկներ են կատարել ու հասկացել, որ իրականում Հայաստանում կապույտ վառելիքի 1 խորանարդ մետրի գինը չպետք է գերազանցեր 100 դրամը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG