Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցներն իրականացրել են չհայտարարված այց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության Գյումրիի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն:
Այցի ընթացքում Պաշտպանի աշխատակիցներն առանձնազրույցներ են ունեցել գիշերօթիկ հաստատությունում բնակվող երեխաների հետ, ինչպես նաև անմիջականորեն ծանոթացել են նրանց նյութակենցաղային ապահովվածության պայմաններին: Ուսումնասիրվել է երեխաների իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև նրանց նկատմամբ վերաբերմունքը:
Առանձնազրույցներ են իրականացվել նաև գիշերօթիկ հաստատության բուժանձնակազմի, իրավախորհրդատուի, սոցիալական աշխատողների և հոգեբանների հետ: Քննարկվել են երեխաների առողջության պահպանման, կրթության, զբաղվածության և առանցքային նշանակություն ունեցող մի շարք այլ հարցեր։
Կատարվել է համապատասխան փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրություն: Այցի շրջանակներում հանդիպում է կայացել նաև հաստատության ղեկավար անձնակազմի հետ, քննարկվել են երեխաների նյութակենցաղային պայմաններին առնչվող մի շարք հարցեր, ասված է օմբուդսմենի աշխատակազմի հաղորդագրությունում: