Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի փաստաբանները բողոքում են՝ ՄԻԵԴ-ին ուղղված իրենց հայցերը տեղ չեն հասնում


Փաստաբան Էլչին Սադիգով, արխիվ
Փաստաբան Էլչին Սադիգով, արխիվ

Ադրբեջանցի փաստաբանները պնդում են, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ուղղված իրենց հայցերը վերջին ամիսներին տեղ չեն հասնում։

Փաստաբանների խոսքով՝ «Ազերփոստ»-ով ուղարկվող նամակները ինչ-որ առեղծվածով անհետանում են Բաքու-Ստրասբուրգ ճանապարհին: «Ազատության» ադրբեջանական ծառայությունը հաղորդում է, որ առավել հաճախ այդ ճակատագրին են արժանանում քաղաքական շարժառիթներով գրված բողոք-դիմումները։

«Ուղիղ մեկ շաբաթ առաջ երկու հայց եմ ուղարկել Եվրոպական դատարան, մեկը՝ կենցաղային հարցով, մյուսը՝ Բայրամ Մամեդովի, ով Հեյդար Ալիևի արձանի վրա արած գրաֆիտիից հետո վեց ամիս է՝ գտնվում է կալանավայրում: Հետևելով նամակներին՝ պարզեցի, որ մեկն անարգել տեղ է հասել, մինչդեռ երիտասարդ ակտիվիստի հայցն անհետացել է, փաթեթն ուղղակի չկա համակարգում: Եվ սա առաջին նման դեպքը չէ», - պատմել է փաստաբան Էլչին Սադիգովը:

Նույն խնդրին է բախվել նաև նրա գործընկեր Ասաբալի Մուստաֆաևը: «Դիմել էի ստրասբուրգյան դատարան, որոշ ժամանակ անց պատասխան ստացա, թե դիմումի վերջում իմ ստորագրությունը չկա, բացակայում է նաև նախավերջին էջը, այն դեպքում, երբ ես վստահ եմ, որ տպել և ուղարկել եմ», - «Ազատության» ադրբեջանական ծառայությանը պատմել է փաստաբանը:

Մի շարք ընդդիմադիրների շահերը պաշտպանող Ինթիգամ Ալիևը ևս պնդում է, թե Եվրոպական դատարան ուղարկած հայցադիմումից իր ստորագրությունն անհասկանալի ձևով անհետացել է: «Հաստատ համոզված եմ, որ սա ապօրինության նոր ձև է ադրբեջանական իշխանությունների կողմից», - պնդել է փաստաբանը՝ մանրամասնելով. - «Մեխանիզմը հստակ է՝ երբ դիմումի վերջին էջում չի լինում հայցվորի ստորագրությունը, Եվրոպական դատարանն այն չի ընդունում, արդյունքում և՛ ժամանակ ես կորցնում, և՛ ֆինանսական միջոցներ, և՛ նյարդեր՝ նոր դիմում ուղարկելու համար: Վստահ եմ, որ «Ազերփոստ»-ն ինքնագլուխ չէր կարող նման որոշում կայացնել, այստեղ հատուկ ծառայություններն են ներգրավված»։

«Ազերփոստ»-ում, սակայն, այս մեղադրանքները հերքել են։ «Մեր ծառայության կողմից անհնար է նամակների ուշացում կամ կորուստ», - «Ազատության» ադրբեջանական ծառայությանն ասել է «Ազերփոստ»-ի պաշտոնական ներկայացուցիչը՝ կոչ անելով բողոքի դեպքում դիմել դատարան:

Անցած տարվա պաշտոնական վիճակագրությամբ, Ադրբեջանը դասվում է առավել հաճախ Եվրոպական դատարան դիմող երկրների շարքում, ընդ որում, մինչ օրս քննված 106 դիմումներից 102-ի դեպքում ստրասբուրգյան դատարանը որոշում է կայացրել Ադրբեջանի իշխող վարչակազմի դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG