Մատչելիության հղումներ

Վարչապետը և երկու նախարար դիմել են Հանրապետականին անդամակցելու համար


Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստի ժամանակ, արխիվ
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստի ժամանակ, արխիվ

Վարչապետ Կարեն Կարապետյանը կանդամագրվի Հանրապետական կուսակցությանը, դիմումն արդեն գրված է: Այս մասին նա այսօր հայտարարեց կառավարության նիստին։

Ըստ Կարապետյանի՝ իր որոշումը շատերի համար կանխատեսելի էր և տրամաբանական, այնուամենայնիվ, իր կուսակցական դառնալու քայլը մեկնաբանեց. - «Առաջինը՝ վարչապետի պաշտոնին ինձ հրավիրել է Հայաստանի նախագահ և Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրորդ՝ յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան, և մեր կառավարությունը եղել է առաջին հերթին Հայաստանի հանրապետական կուսակցության կառավարությունը»։

Արդեն ավելի քան երկու ամիս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Կարապետյանը շարունակեց, որ եթե առաջին երկու կետերը մի կողմ դնեն, ոմանց մոտ կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ չեն հիմնադրում մեկ այլ կուսակցություն, որը կլիներ քաղաքական հենարան: Նա պատասխանեց իր հարցին. - «Ուղղակի դա արդարացված չէր լինի: Ունենալով Արցախի հիմնահարց և մեր երկրի անվտանգությանն ուղղված սպառնալիքներ՝ մենք պետք է խուսափենք հնարավոր բոլոր դեստաբիլիզացիոն գործընթացներից և զարգացումներից»։

Բացի այդ, ըստ վարչապետի, հենց Հանրապետական կուսակցությունը կարող է լինել փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան, քանի որ իրեն հոգեհարազատ է կուսակցության պահպանողական գաղափարախոսությունը, և այնտեղ իր համար «ընդունելի բազմաթիվ մարդիկ կան»։

«Իմ առաջ դրված հիմնական խնդիրը եղել է հետևյալը. անհրաժեշտ է շատ բան փոխել տնտեսական, սոցիալական կյանքում, առավել ևս՝ պետական կառավարման համակարգում, ինչը նշանակում է, որ փոփոխությունները պետք է սկսենք մեզանից: Այս հարցը Հայաստանի հանրապետական կուսակցությունում շատ հստակ է դրված, խոսակցությունները ներսում շատ բաց են և անկեղծ, իսկ ինքնաքննադատությունը շատ դեպքերում ավելի սուր է, քան պատկերացնում են դրսից», - հայտարարեց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը զերծ չմնաց քննադատությունից և շեշտեց, որ «ինչպես մյուս կուսակցությունները, Հայաստանի հանրապետական կուսակցությունը ևս, օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներից ելնելով, ոչ միշտ է եղել արդյունավետ», բայց Հանրապետականն այն կուսակցությունն է, որը «գիտակցելով երկրի անվտանգության և զարգացման համար իր պատասխանատվությունը, որոշում է կայացրել փոխվել և ունի իր մեջ այդ ներուժը»։

Վարչապետը վստահեցրեց՝ պարտադիր չէ, որ իր անկուսակցական գործընկերները, նախարարները դառնան հանրապետական․ - «Դա յուրաքանչյուրի գիտակցական և գաղափարական որոշման հարցն է»։

Կառավարության նիստից հետո պարզվեց, որ առնվազն երկու անկուսակցական նախարարներ հստակ որոշել են՝ անդամագրվելու են իշխող կուսակցությանը։ Այնուամենայնիվ, տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը և գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ասացին՝ պարտադրանք չի եղել, ինքնուրույն որոշում են կայացրել։

«Ոչ մեկը չի ստիպում: Այսօր վարչապետն էլ նշեց, որ ոչ մի ստիպողական բան չկա, ես դիմումը ներկայացրել եմ, բայց դեռ չգիտեմ ինչ կլինի», - ասաց Մարտիրոսյանը:

Առաքելյանը, իր հերթին, հայտարարեց․ - «Մենք թիմային աշխատող ենք և թիմային կմիանանք Հանրապետականին: Պարտադիր չի, բայց ես թիմային աշխատող եմ»:

Գյուղնախարարը ասաց նաև, որ իրեն հոգեհարազատ են Հանրապետականի գաղափարախոսական կետերը՝ առանց մասնավորեցնելու․ - «Բոլոր կետերը, որ Հանրապետական է, և հանրապետության անվտանգությունը և զարգացումը և ընդհանրապես բոլոր գաղափարախոսությունները կուսակցության կանոնադրության կամ կանոնակարգի մեջ»:

«Ծանո՞թ եք Նժդեհի գաղափարախոսությանը» հարցին Իգնատի Առաքելյանը պատասխանեց․ - «Ոչ, ծանոթ չեմ․․․ Ես համարում եմ, որ ճիշտ եմ անդամակցել: Դա իմ անձնական որոշումն է, իմ անձնական կարծիքն ա»:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը խուսափեց իր՝ կուսակցական դառնալու հարցի շուրջ երկար զրուցել՝ հիշեցնելով, որ այդ թեմային անդրարդաձել է։ Օրեր առաջ Ամիրյանը լրագրողների հարցին ի պատասխան ասել էր, որ խորհրդրանական կառավարման դեպքում ցանկացած նախարար պետք է կրի նաև կուսակցական պատասխանատվություն, և ինքը մինչև ապրիլին կայանալիք ընտրությունները ժամանակ ունի որոշում կայացնելու։

Օրեր առաջ էլ, գրեթե երկու տասնամյակ պետական պաշտոններ զբաղեցրած անկուսակցական պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էր նշել, որ անդամագրվում է իշխող Հանրապետականին։

XS
SM
MD
LG