Մատչելիության հղումներ

Զուրաբյան․ «Հանրապետականի ճահիճը կլանում է նաև Կարեն Կարապետյանին»


ՀԱԿ խմբակցության ղեկավարի կարծիքով, ՀՀԿ-ին անդամագրվելու՝ վարչապետի որոշումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանում որևէ փոփոխություն հնարավոր է միայն «ամբողջ քաղաքական հենարանի փոփոխության դեպքում»:

«Հանրապետականի ճահիճը կլանում է նաև Կարեն Կարապետյանին»,- այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ արձագանքելով վարչապետի՝ իշխող Հանրապետականի շարքերը համալրելու մասին հայտարարությանը:

Զուրաբյանի համոզմամբ, Կարապետյանն իր այս քայլով «կոտրեց այն միֆը», թե՝ ահա եկել է մի վարչապետ, որը կարող է ինչ-որ բան փոխել երկրում: «Հանրապետականը մի ճահիճ է, կոռումպացված ճահիճ, որն ունի իր կանոնները: Անկախ նախնական, փիառական նախաձեռնություններից կամ պլանավորումից, այդ կանոնները գործում են և կլանում են այդ ճահճի մեջ բոլորին: Այդ համակարգը չի կարող հանդուրժել որևէ ոչ համակարգային երևույթ»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Հարցին՝ նրան պարտադրե՞լ են՝ անդամագրվել ՀՀԿ-ին, Զուրաբյանն արձագանքեց՝ «Ես չգիտեմ կոնկրետ մեխանիզմը՝ պարտադրվել է, ակնարկվել է, թե ինքն է հասկացել, որ գործելու համար այլ ճանապարհ չկա, բայց կատարվել է այն, ինչ որ ակնհայտ էր մեզ համար ի սկզբանե: Ով էլ լինի վարչապետ, նա պետք է գործի՝ հենվելով առայժմ նաև նախագահի ինստիտուտի վրա և Ազգային ժողովի մեծամասնություն հանդիսացող քաղաքական հենարանի վրա: Դա նշանակում է, որ ինչքան էլ նա փորձի թփրտալ, քայլեր անել, ինչ-որ պահից նա բախվելու է այդ քաղաքական հենարանի հետ և ստիպված է ընդունել քաղաքական հենարանի կանոնները:

Նա ասում է՝ ես պատրաստ եմ փոխել, կամ Հանրապետական կուսակցությունը պատրաստ է փոխել և փոխվել: Մենք առայժմ տեսնում ենք միայն մեկ բան՝ Հանրապետականը չի փոխվում, բայց մնացած բոլորը փոխվում են՝ կլանվելով այդ ճահճի մեջ: Եվ սա ևս մեկ անգամ ամբողջ ակնհայտությամբ ցույց է տալիս, որ Հայաստանում որևէ փոփոխություն հնարավոր է, եթե փոխվի ամբողջ քաղաքական հենարանը»:

Արդյո՞ք Կարապետյանի՝ հանրապետական դառնալու հետ կապված, կարող են փոփոխվել հանրության շրջանում ձևավորված լավատեսական ակնկալիքները: Զուրաբյանի համոզմամբ, միանշանակ կփոփոխվեն: «Այս զարգացումներով արդեն ակնհայտ է դառնում, որ այդ հույսն իրականում հիմք չուներ»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի այն պարզաբանմանը, թե նա անդամակցում է Հանրապետականին և չի ստեղծում իր կուսակցությունը, քանի որ այդ կերպ խուսափում է ապակայունացնող զարգացմուներից, ՀԱԿ խմբակցության ղեկավարն ընդգծեց՝ Կարեն Կարապետյանն այդպիսով ենթագիտակցորեն ընդունում է, որ Հանրապետականն իրականում անընդունելի ուժ է, բայց նա այլընտրանք չունի:

«Վարչապետը միգուցե ինքն էլ չի զգացել, բայց ենթատեքստով մի կարևոր միտք է արտահայտել: Ենթագիտակցաբար նա ասում է հետևյալը՝ իհարկե, ես ընդունում եմ, որ Հանրապետական կուսակցությունն ատելի ուժ է, բայց այլ կերպ չեմ կարող վարվել, քան դառնալ այդ ատելի ուժի մաս: Սա է ասում, որովհետև, եթե այդ ենթատեքստը չլիներ, ընդհանրապես նման բան պետք չէր ասել: Պետք էր ասել՝ այո, ինչ է եղել, ՀՀԿ-ն հենց այն ուժն է, որն ամեն ինչ ճիշտ է անում, և ես, բնականաբար, անդամակցում եմ այդ քաղաքական ուժին»,- շարունակեց Զուրաբյանը:

Պատասխանելով «Ազատության» հարցին՝ արդյո՞ք վարչապետն իր կամքով է ՀՀԿ-ին անդամակցելու դիմում գրել, թե՞ նրա առջև նման խնդիր է դրվել, հանրապետական պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն արձագանքեց՝ «Ես էդ թեմաներով վարչապետի հետ չեմ զրուցել: Բնականաբար, եթե դիմում է գրել, իր ցանկությունն է: Ես չեմ կարծում, որ մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ պետք է խնդիր դնես կամ չդնես: Մենք խնդիրներ չենք դնում»:

Հանրապետականի շարքերը համալրելով, Կարեն Կարապտեյանը կշահի՞, թե կկորցնի: Հանրապետական գործիչն այս հարցին հետևյալ պատասխանը տվեց՝ «Այդ հարցը պետք է տալ վարչապետին, բայց մենք էստեղ չենք դիտարկում՝ անձերը պետք է շահեն, թե ոչ: Պետք է շահի մեր պետությունը, երկիրը»:

Իսկ հնարավո՞ր է, որ Հանրապետականի անդամ դառնալով, Կարեն Կարապետյանը գլխավորի իշխող ուժի նախընտրական ցուցակը: Ի պատասխան այս հարցին, Պետաիրավական հանձնաժողովի նախագահն ասաց, թե դա դեռևս չեն քննարկվել, ցուցակին առնչվող խնդիրներին կանդրադառնան շաբաթը օրը սպասվող՝ ՀՀԿ-ի համագումարից հետո: Ամեն դեպքում, իրավական առումով որևէ խոչնըդոտ չկա, որպեսզի Հանրապետականի նախընտրական ցուցակը գլխավորի հենց նախագահ Սերժ Սարգսյանը, ասաց Սահակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG