Մատչելիության հղումներ

ԱՆ. Մանկահասակ երեխաների շրջանում դիտվում է սուր շնչառական վարակների ակտիվացում


Առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ նախարարության կողմից իրականացվող օրական մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ այս օրերին սուր շնչառական վարակների ակտիվացում դիտվում է հատկապես մանկահասակ երեխաների շրջանում, ինչն էլ պատճառ է մանկական հիվանդանոցների ծանրաբեռնված աշխատանքի։

«Նշենք, որ հիվանդանոցներում հետգրիպային բարդություններով պայմանավորված ծանր թոքաբորբերով՝ թոքերի արհեստական սարքավորումների ներքո հիվանդներ չկան: Աշխատանքներ են իրականացվում առանձին հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով հիվանդների հոսքն ուղղորդելու ուղղությամբ: Սուր շնչառական վարակների և գրիպի հետագա տարածումից խուսափելու համար, որպես կանխարգելիչ միջոցառում, մանկական նախադպրոցական կազմակերպություններում և դպրոցներում իրականացվում է կանխարգելիչ ֆիլտր: Վերջինիս նպատակն է գրիպանման երևույթներով երեխաներին չթույլատրել հաճախելու դպրոց կամ մանկապարտեզ, որպեսզի խուսափենք նրանց առողջական վիճակի բարդացումից և վարակի աղբյուր չհանդիսանան այլ երեխաների համար», - ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունը նշում է, որ, միայն նոյեմբերի 21-ին հանրապետությունում իրականացված կանխարգելիչ ֆիլտրի արդյունքում հայտնաբերված հիվանդ վիճակում հաճախած մոտ 1800 երեխա տուն է ուղարկվել, նրանց տվյալները փոխանցվել են պոլիկլինիկական կազմակերպություններին՝ բժշկական հսկողություն սահմանելու համար:

«Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է մանկական հաստատությունների կազմակերպությունների ղեկավարներին՝ հնարավորինս բացառել հիվանդ երեխաների մուտքը դպրոց և մանկապարտեզ՝ սուր շնչառական վարակների հետագա տարածումը կանխելու և բարդություններից խուսափելու համար: Հիշեցնենք, որ հանրապետությունում, ինչպես նաև եվրոպական տարածաշրջանի երկրներում, այդ թվում՝ Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում վերջին մեկ ամսվա ընթացքում շրջանառում են գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակը և այլ շնչառական վարակների հարուցիչներ», - հայտարարում է նախարարությունը՝ հորդորելով հանրությանը և զանգվածային լրատվամիջոցներին զերծ մնալ մասնագիտական վերլուծություններից ու եզրահանգումներից և հետևել պաշտոնական տեղեկատվությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG