Ըստ Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի, Սերժ Սարգսյանի համար հիմա նորից բացվել է սեփական իշխանությունն ամրապնդելու և երկարացնելու ճանապարհը։
«Դուք հիշո՞ւմ եք մեր քննադատությունը սահմանադրական հանրաքվեի հետ կապված, որ Սերժ Սարգսյանը սրանով ուզում է շրջանցել երրորդ նախագահության պաշտոնավարման ժամկետի այդ սահմանադրական արգելքը և խորհրդարանական կառավարման անցնելու միջոցով երկարացնել, ըստ էության հավերժացնել իր իշխանությունը։ Էն ժամանակ մեր քննադատությանը պատասխանելու նպատակով Սերժ Սարգսյանը արեց մի հայտարարություն, որ չի պատրաստվում լինել ո՛չ վարչապետ, ո՛չ էլ նախագահ, իսկ Դավիթ Հարությունյանի [կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար] միջոցով նաև ասեց, որ չի լինելու նաև Ազգային ժողովի նախագահ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զուրաբյանը՝ շարունակելով. - «Բայց ինչպես մենք այն ժամանակ էլ զգուշացնում էինք, դրանք ընդամենը նախահանրաքվեական խոստումներ էին, խորամանկություններ էին, որ կարողանային անցկացնել այդ սահմանադրական հանրաքվեն՝ առանց որևէ խնդիրների։ Չկարողացան, ստացան մեծ խնդիրներ։ Իսկ հիմա արդեն, երբ որ պետք է սեփական թիմը համախմբել իր շուրջը, որովհետև ինչ-որ վտանգներ կան իր իշխանության համար, նա արդեն փորձում է հույս տալ իր հավատարիմներին, որ չի բացառվում նման բան, որովհետև երբ որ ասում է, որ «մենք այդ հարցը կքննարկենք ընտրություններից հետո», սա արդեն հերքում է իր նախկին ասածը՝ նախկին ասածում չկար որևէ կախվածություն ընտրությունների արդյունքից, այնտեղ շատ հստակ ասում էր, որ «որևէ դեպքում, ինչ էլ լինի, ես չեմ հավակնելու լինել ո՛չ վարչապետ, ո՛չ նախագահ»։ Իսկ հիմա ի՞նչ է փոխվել, որ այդ խոսքերից հրաժարվում եք և վարչապետի պաշտոնում լինելու հանգամանքը կախվածության մեջ դնում ընտրությունների արդյունքներից, ի՞նչ է եղել, պարզ է՝ դա ընդամենը խաբեություն էր, իսկ հիմա նորից բացվել է սեփական իշխանությունն ամրապնդելու և երկարացնելու ճանապարհը»։
Հանրապետական պատգամավոր Սամվել Նիկոյանը հակադարձեց՝ պնդելով, որ նախագահի այս երկու հայտարարությունների միջև հակասություններ չկան։
«Ոչ, իրար չեն հակասում։ Ես կարծում եմ որ, անշուշտ, մեծ տրամաբանություն պետք չէ՝ հասկանալու պարզ ճշմարտություններ: Այո՛, ինքը ճիշտ է ասել, ինչի՞ մասին է խոսքը, երբ առջևում ընտրություններ են, եթե ընտրություններում այն արդյունքը չունենա, որ կարող է վարչապետ առաջարկել, ապա ինչի՞ մասին է առհասարակ խոսքը: Շատ պարզ քաղաքագիտական ճշմարտություն է, հիմա ոմանք դա հասկանում են՝ լավ, չեն հասկանում՝ էլի լավ, հասկանում են, բայց ցույց են տալիս, որ չեն հասկանում՝ էլի լավ։ Իմ կարծիքով՝ թիմի առաջնորդը, որը պատրաստվում է գնալ ընտրության և 100 տոկոսով իր խաղաքարտերը հստակորեն ասի, այնքան էլ ճիշտ չէ։ Դուք այդ հարցի պատասխանը կստանաք ընտրություններից հետո։ Հետո դուք կզգաք, որ դուք զբաղված էիք վատաբանելով հանրության մոտ սխալ կարծիք ձևավորելով», - ասաց Նիկոյանը։
Զուրաբյանը շարունակեց պնդել՝ Սերժ Սարգսյանը գնացել է ուղղակի խաբեության․ - «Կարո՞ղ է ես բաց եմ թողել իրողությունը, կարո՞ղ է Սերժ Սարգսյաննն ասել է, որ «ես վարչապետ չեմ դառնա, կամ նախագահ չեմ դառնա 95 տոկոսի հավանականությամբ», եթե այդպես է ասել, ես դեմ չեմ, բայց եթե ինքն ասել է 100 տոկոսի հավանականությամբ, նորից որոշակի հավանականություն բացելը դրա ուղիղ հերքումն է, ինչը բերում է հետագա եզրակացությանը, որ Սերժ Սարգսյանը գնացել է ուղղակի խաբեության»։
«Այդ հարցի պատասխանը հստակ կիմանանք ընտրություններից հետո, ինչպես ինքն ասել է, որևէ տարբերություն չեք գտնի իր ասածի միջև։ Կարծեմ նա Արամ Աբրահամյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է՝ «երբեք ես իմ ասած խոսքից հետ չեմ կանգնի, և ինչ ասում եմ՝ դուք չեք գտնի հակասություններ»։ Ուրեմն դուք ինչ-որ մի բան այն չեք հասկացել, սպասեք հարցի հստակ պատասխանին ընտրություններից հետո», - հակադարձեց հանրապետական պատգամավորը։
Զուրաբյանի ճշտող հարցին, թե կարո՞ղ է այս ամենից հասկանալ, որ Սերժ Սարգսյանի պնդումը, որ ինքը չի ուզում վարչապետ կամ նախագահ դառնալ, ուժի մեջ է մնում, Նիկոյանը պատասխանեց. - «Մենք սրանով փակում ենք այս թեման, որովհետև արդեն կրկնվում եք։ Դուք ինչ ուզում եք կարող եք հասկանալ»։
Բանավեճն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ