Մատչելիության հղումներ

Պուտինն ու Օբաման չնախատեսված հանդիպում են ունեցել Պերուում


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Միացյալ Նահանգների գործող նախագահ Բարաք Օբաման երեկ կարճ զրույց են ունեցել Պերուում՝ Ասիական-խաղաղօվկիանոսյան երկրների տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում։

Ավելի վաղ Կրեմլը տեղեկացրել էր, որ երկկողմ հանդիպում Ռուսաստանի նախագահի և Միացյալ Նահանգների նախագահի միջև Պերուում նախատեսված չէ։

Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ, Պուտինը և Օբաման քննարկել են Ուկրաինայի հարցը։ Նրանք մտահոգություն են հայտնել, որ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցում չկա առաջխաղացում։

Պեսկովի խոսքով՝ նախագահները պայմանավորվել են մինչև Օբամայի պաշտոնավարման ժամկետի ավարտը մնացած երկու ամիսներն օգտագործել սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիները փնտրելու համար։

«Ռոյթերզ»-ը, վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրը, հայտնում է, որ Օբաման Պուտինին կոչ է արել կատարել Մինսկի համաձայնագրերը, նա նաև հորդորել է՝ անել առավելագույնը, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտգործնախարարները շարունակեն Սիրիայի ճգնաժամը կարգավորելուն ուղղված իրենց քայլերը։

Հավելենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տունը կթողնի հունվարի 20-ին, և սա թերևս նրա վերջին առանձնազրույցն էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ինչ վերաբերում է Պուտինի և ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրափի հնարավոր հանդիպմանը, նման հանդիպում դեռ նախատեսված չէ։ Սակայն օրեր առաջ Թրամփն ու Պուտինը մոտ կես ժամանոց հեռախոսազրույց են ունեցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG