Մատչելիության հղումներ

Փորձագետների կարծիքով՝ Հայաստանը ինքնիշխանության նոր տարրեր է տալիս Ռուսաստանին


Ըստ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի, ռուս-հայկական համատեղ զորախմբեր ստեղծելով՝ Հայաստանը ինքնիշխանության նոր տարրեր է տալիս Ռուսաստանին։

«Գործող իշխանությունները ո՞նց են դիտում ռուս-հայկական հարաբերությունները, իրենք ասում են՝ «ինչ ասի Ռուսաստանը, մենք պետք է կատարենք»։ Դա է իրենց սկզբունքը։ Ինչո՞ւ, երբ որ մենք ասում ենք՝ «ինչո՞ւ, մի հատ քննարկեք», իրենք մեզ պատասխանում են շատ հետաքրքիր, ասում են՝ «գիտեք ինչ, միայն Ռուսաստանը կարող է ապահովել անվտանգությունը, դա է պատճառը, որը մենք ամեն ինչի համաձայնում ենք»։ Ու հետո փորձում են մեր առջև արդարացնել այդ քայլերը, ու հենց սա, որ իբր ռուս-հայկական համատեղ զորախմբեր պետք է ստեղծվեն, վաղուց է, դա ուղղակի արդարացումն է, դրանով դու նոր տարրեր ինքնիշխանության նորից տալիս ես Ռուսաստանին», - «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Գրիգորյանը՝ նշելով. - «Կարևոր է հասկանալ, թե սա ինչո՞ւ է պետք Ռուսաստանին»։

«Դա ես կապում եմ ապրիլյան պատերազմի հետ, երբ որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանում կա մենակ երկու սուբյեկտ սուվերեն, դա բանակն է և երկրորդը՝ ակտիվ մասը՝ հասարակությունը։ Ռուսաստանը հասկացավ, որ սրանք կարող են խոչընդոտ լինել իրենց իրականացվող Կովկասում ծրագրերին ու այս փորձը՝ համատեղ բաներ ստեղծելը, դրա փորձն է», - ասաց վերլուծաբանը։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանի խոսքով՝ Հայաստանի ինքնիշխանությունը Ռուսաստանին հանձնելու պրոցեսը վաղուց է մեկնարկել։

«Ինչ վերաբերում է ռազմական ոլորտում տեղի ունեցող տենդենցներին, այստեղ էլ, այո, Հայաստանի ինքնիշխանությունը հանձնելու պրոցեսը վաղուց է մեկնարկել՝ 2011 թվականին որքան էլ ես և իմ ընկերները դեմ էինք, երկարացվեց ռուսական բազայի ժամկետը Հայաստանում, բայց որ ավելի քիչ ուշադրություն դարձվեց, կոպիտ ասած, կամ պատկերավոր ասած մեր ժողովրդի համար, ասացին՝ «մենք պետք է նայենք ձեր սահմանները բոլոր չորս կողմերից՝ արևմուտք, արևելք, հյուսիս և հարավ, սահմանային վերահսկողության հարցում Ռուսաստանը պետք է համատեղ իրավունք ունենա»։ Այս տարվա ընթացքում, հիշում եք, ամռանը վավերացվեց համատեղ, միացյալ հակաօդային պաշտպանության համակարգ (ՀՕՊ) ստեղծելու հարցը, որտեղ կրկին կիսվեց հրամանատարության ինքնիշխան իրավունքը խաղաղ, պատերազմական ժամանակներում», - ասաց Սաֆարյանը՝ շարունակելով․ - «Չեմ ուզում անդրադառնալ այն հիպոթետիկ սցենարներին, որոնք մենք կարող ենք ունենալ պատերազմի ժամանակ։ Ահա այս ամբողջի տրամաբանական շարունակությունը դարձավ այն, թե ինչպես ՆԱՏՕ-ի հետ մեր գործողությունների ծրագրի շրջանակներում էինք ստեղծել մեկ գումարտակ ՆԱՏՕ-ի հետ համատեղ, Ռուսաստանը, կարծեք թե, և միաժամանակ ուղերձ է հղում Արևմուտքին, որ «այստեղ դուք ոտքի տեղ չունեք և սա մերն է, և այստեղ ահա 4-րդ բանակային կորպուսը մեր համատեղ հրամանատարության տակ է», ընդ որում, որն ավելի վտանգավոր է, ինչպես գիտեք, այդ հրամանատարության իրավունքը պատերազմի ժամանակ անցնելու է Ռուսաստանին»։

Հիշեցնենք, Ռուսաստանի կառավարության իրավական տեղեկատվության կայքը նոյեմբերի 12-ին փաստաթուղթ հրապարակեց, որում մասնավորապես ասված էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Հայաստանի հետ միացյալ զորախումբ ստեղծելու՝ Ռուսաստանի կառավարության առաջարկին և հանձնարարել է ստորագրել այն:

«Ռուսաստանի Դաշնության նախագահն ընդունել է Հայաստանի հետ Զինված ուժերի միացյալ զորամիավորում ստեղծելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրման մասին կառավարության ներկայացրած առաջարկը: Հանձնարարել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, արտգործնախարարության մասնակցությամբ, հայկական կողմի հետ բանակցել և համաձայնության հասնելուց հետո Ռուսաստանի անունից ստորագրել նշված համաձայնագիրը», - ասված էր փաստաթղթում:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի նոյեմբերի 20-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG